Հարց է՝ միայն Սյունիքո՞ւմ են նրան այդպես դիմավորում, թե ցանկացած մարզում, ուղղակի այդ գործընթացը իրականացվում է այնպես, որ որոշ կարողանան կադր ստանալ. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Ալիևը ի լուր աշխարհի հայտարարում է, որ եթե այդ միջանցքը չտան, ապա մենք նրանց այստեղից կշպրտենք անգամ ուժով, ինչպես արեցինք Արցախի պարագայում
Հարթությունները բավականին շատ են, և՛ հուզմունքը, և բարկությունը այնքան շատ է, որ բարդ է հստակ ներկայացնել իրավիճակը, բայց առաջնահերթ պետք է հասկանալ՝ արդյո՞ք նրան այսպես են ընդունում միայն Սյունիքի մարզում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցելությանը:
«Շատ մեծ հարց է՝ իրապե՞ս նրան այդպես դիմավորում են միայն Սյունիքում, որի կադրը մենք տեսնում ենք, թե ցանկացած մարզում հավաքի ժամանակ նրան հենց այդպես են դիմավորում, ուղղակի այդ ողջ գործընթացը նախապես իրականացվում է այնպես, որ մեր որոշ հեռուստաընկերություններ կարողանան կադր ստանալ, որ վարչապետը մանկապարտեզից մինչև միջին հասակի դպրոցականների համար կարողացավ նորմալ հանդիպում կազմակերպել»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Նա նաև մեկնաբանեց Ալիևի երեկվա հայտարարությունը և ընդգծեց՝ Հայաստանին բառացիորեն սպառնում են ուժով:
«Մենք երեկ Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ունեցանք ուժի սպառնալիք Հայաստանի տարածքին, այսինքն՝ բառացիորեն տեղի է ունենում հետևյալը. Ալիևը ի լուր աշխարհի հայտարարում է, որ եթե այդ միջանցքը չտան, ապա մենք նրանց այստեղից կշպրտենք անգամ ուժով, ինչպես արեցինք Արցախի պարագայում»,- նշեց նա:
Բեքարյանը իր խոսքում նշեց՝ նոյեմբերի 10-ից ի վեր Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամ ավել լինելը իր տակ ունեցել է շահարկումը հանրության մեջ, որ եթե հանկարծ իշխանությունը փոխվեց, ապա նորից կլինի պատերազմ. «ասում էին՝ եթե ընդդիմությունը գա, ապա կլինի պատերազմ»:
«Որ ստորագրել ես՝ Նախիջևանը միանում է Ադրբեջանի արևմտյան շրջաններին և այդ ճանապարհի վերահսկողությունն էլ անցնում է ռուս խաղաղապահներին, այդ ճանապարհը առանձնատներիդ վրայո՞վ է անցնում: Նա ամեն օր շարունակում է հասարակությանը ահաբեկել պատերազմով»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Նշենք՝ ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ կառավարության շենքի դիմաց պատրաստվում են դիմավորել Սյունիքի մարզից Երևան ժամանող Նիկոլ Փաշինյանին, իսկ Կառավարական առանձնատան դիմաց տեղակայվում են մեծ թվով ոստիկաններ:










