Ասել, թե առաջնագիծը կահավորված է, նշանակում է՝ ծաղրել զինծառայողներին․ ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ ոչինչ չի արվել․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

12:41 • 07.12.21

 

Ես առաջնագծի կահավորման վերաբերյալ շարունակում եմ ահանզանգեր ստանալ հենց առաջնագծի զինվորականներից, որոնք ցրտին, սառնամանիքին իրականացնում են իրենց ծառայությունը։ Ասել, թե առաջնագիծը կահավորված է, նշանակում է՝ ծաղրել զինծառայողներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Իսկ թե ինչու, իր կարծիքով, չեն կահավորում առաջնագիծը, Թովմասյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ վախկոտության որոշակի դրսևորում կա, որովհետև մտավախություն ունեն, որ եթե այս իրավիճակում առաջնագծում աշխատանքներ իրականացնեն, հնարավոր են որոշակի զարգացումներ, բայց ես կարծում եմ, որ դեռ նոյեմբերի 9-ին, երբ ադրբեջանական ուժերը դիրքավորվում էին այնտեղ, որտեղ ցանկանում էին, ՀՀ-ն պետք է ներկայացուցիչ ունենար, ոչ թե քաղաքացիական անձինք դիմավորեին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներին»,-ասաց Թովմասյանը՝ նշելով, թե զինվորականների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ ոչինչ չի արվել։

«ՀՀ-ում զինծառայողները, երբ անցնում են զինծառայության, արտահերթ կերպով բուժզննություն են անցնում։ Հենց դառնում են զինծառայող, արտահերթության մասով որևէ արտոնությունից չեն օգտվում, իմ նախագիծը հենց դրա մասին էր, որ ոչ միայն շահագրգռենք դառնալ զինվորական, իսկ դրանից հետո մոռանանք նրանց մասին։ Նրանք 14 օր անմարդկային պայմաններում, չկահավորված առաջնագծում իրականացնում են իրենց ծառայությունը, և երբ 14 օր անց իջնում են և ունեն 14 օր ժամանակ՝ իրենց առողջությունն ապահովելու համար, այդ ընթացքում կարող են հիվանդանոցում հերթի մեջ լինել, և այդպես էլ հերթը չհասնի»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե իր ներկայացրած նախագիծը իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը ծաղրել է, անվանել պոպուլիստական, Թովմասյանն արձագանքեց՝ Թորոսյանը հայտնի է իր ստախոսությամբ, պարբերաբար արել է հայտարարություններ, որոնք հետո հերքվել են։

«Այն, որ իշխանության ներկայացուցիչը պնդում է, թե 2019-ից այդ հարցը լուծված է, ես պաշտոնապես հայտարարարում եմ, որ իշխանությունը ստում է»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։