Արաբական 5 երկրներ դեմ են Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին տեղահանելու առաջարկին
Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Եգիպտոսի և Հորդանանի արտգործնախարարները նամակ են հղել իրենց ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյին՝ քննադատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու ծրագրերը։
Անցած շաբաթվա ընթացքում Թրամփը երեք անգամ հրապարակայնորեն խոսել է Գազայից պաղեստինցիներին Եգիպտոս և Հորդանան տեղափոխելու անհրաժեշտության մասին։
Նամակում ասվում է, որ պաղեստինցիները «չեն ցանկանում լքել իրենց հողը», և նրանց վերաբնակեցումը «հակամարտությանը վտանգավոր նոր հարթություն կհաղորդի»:
Տարածաշրջանում տեղահանվածների աճող թիվը, նշում են նամակի հեղինակները, «կմեծացնի արմատականացման և անկարգությունների վտանգը»։
Միևնույն ժամանակ, ինչպես ասվում է նամակում, Մերձավոր Արևելքն արդեն «ծանրաբեռնված է մեծ թվով տեղահանվածներով»։
Ըստ Axios-ի՝ նամակը Պետդեպարտամենտին են ներկայացրել արաբական հինգ երկրների դեսպանները։ Այս պետությունների նախարարներից բացի փաստաթուղթը ստորագրել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Հուսեյն Ալ Շեյխը։
Մերձավոր Արևելքի հարցերով Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, պարզաբանելով Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը, ասել է, որ Գազայի հատվածն այժմ «պիտանի չէ բնակվելու համար», և մարտերի հետևանքով առաջացած ավերածությունների պատճառով անհրաժեշտ է իրականացնել լայնածավալ վերականգնման աշխատանքներ։ Դա, ըստ Ուիթքոֆի, կարող է տևել 10-15 տարի։ Շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, Թրամփը Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ քննարկել է Գազայի վերաբնակեցման գաղափարը։
Նախօրեին Իրանը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին հարևան երկրներ տեղափոխելու վերաբերյալ առաջարկը՝ նախազգուշացնելով, որ դա կլինի «էթնիկ զտում»:
Երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին ասել էր, որ միջազգային հանրությունը պետք է օգնի պաղեստինցիներին «ապահովելու իրենց ինքնորոշման իրավունքը... այլ ոչ թե այլ գաղափարներ առաջ քաշելու, որոնք հավասարազոր կլինեն էթնիկ զտումների»:
Հունվարի 25-ին Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հնարավոր է համարում հարևան արաբական երկրներում Գազայի հատվածի այն բնակիչներին վերաբնակեցումը, որոնք իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով կորցրել են իրենց տները: Խոսքը 1,5 միլիոն մարդու մասին է, որոնց առաջարկվում է վերաբնակեցնել Գազայի հատվածից դուրս՝ մասնավորապես Հորդանանում և Եգիպտոսում։ Թրամփի առաջարկը դատապարտել են Պաղեստինի ինքնավարությունը, ՀԱՄԱՍ խմբավորումը, ինչպես նաև ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները:
Հորդանանում արդեն մի քանի միլիոն պաղեստինցիներ են ապրում, մինչդեռ տասնյակ հազարներն ապրում են Եգիպտոսում: Երկու երկրները և արաբական այլ պետությունները մերժել են Գազայի պաղեստինցիներին իրենց երկրներ տեղափոխելու գաղափարը:










