ՌԴ-ն ՊՆ-ն առաջարկել է սիֆիլիս և շիզոֆրենիա ունեցողներին մասամբ պիտանի ճանաչել ծառայության համար

15:54 • 04.02.25

ՌԴ Պաշտպանության նախարարությունը մշակել է «Զինվորական բժշկական փորձաքննության կանոնակարգում» փոփոխության նախագիծ, ըստ որի՝ կարող են փոխվել որոշակի հիվանդությունների և վնասվածքների դեպքում զինծառայության համար պիտանելիության կատեգորիաները։

Փոփոխությունները կազդեն այն դեպքերում, երբ խոսքը սիֆիլիսի, շիզոֆրենիայի, նևրոտիկ խանգարումների, հիպերտոնիայի, գանգի ոսկորների հետվնասվածքային և հետվիրահատական ​​արատների մասին է: Շատ փոփոխություններ կտարածվեն միայն պայմանագրային զինծառայողների վրա:

Համաձայն հիվանդությունների ցանկում առաջարկվող փոփոխությունների՝ սիֆիլիս ունեցողների համար (առաջնային, երկրորդական և թաքնված՝ միկրոռեակցիայի հետաձգված բացասականությամբ) առաջարկվում է «Վ» կատեգորիայից (ծառայության համար պիտանի է՝ սահմանափակումներով) տեղափոխել «Բ» կատեգորիա (պիտանի է՝ աննշան սահմանափակումներով), ինչպես նաև առաջարկվել է առհասարակ հեռացնել «ուշ, բնածին սիֆիլիս» կետը, որի դեպքում անձը ոչ պիտանի է համարվում ծառայության համար։

«Էնդոգեն փսիխոզներ» բաժնում, որը ներառում է «շիզոֆրենիա, շիզոտիպային խանգարումներ, շիզոաֆեկտիվ, ցնորական, սուր և անցողիկ փսիխոտիկ խանգարումներ և աֆեկտիվ խանգարումներ (տրամադրության խանգարումներ)», առաջարկվում է «Դ» կատեգորիայից (պիտանի չէ ծառայության համար) անցում կատարել «Վ» կատեգորիային (պիտանի է՝ սահմանափակումներով), եթե ախտանիշները «չափավոր արտահայտված են և ունեն կարճատև ցավոտ դրսևորումներով»: