Հունաստանի ՊՆ-ից հերքում են՝ Հայաստանին մտադիր չեն Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցել

20:41 • 11.02.25

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հերքել է Հայաստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցելու մտադրության մասին հրապարակումները: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստի-ն, Դենդիասը պատասխանել է խորհրդարանական կուսակցության առաջնորդ Կիրիակոս Վելոպուլոսի պատգամավորական հարցմանը։ 

Հարցման մեջ ասվում էր, որ մի շարք հրապարակումների համաձայն՝ Հունաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է շահագործումից հանել ռուսական զենիթային համակարգերը, այդ թվում՝ Ս-300-ները, և դրանք փոխարինել Իսրայելում կամ այլ երկրում արտադրված նորերով: 

 «Համապատասխան հարցին ի պատասխան հայտնում եմ, որ զենիթային սպառազինության համակարգերը երրորդ երկրներին հանձնելու մասին որոշում չի կայացվել» - ասել է Դենդիասը։

 Հիշեցնենք, ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Հունաստանը Հայաստանին կփոխանցի Ս-300, Տոր-Մ1 և Օսա-ԱԿՄ զենիթահրթիռային համալիրները։