Կոպիտ ռեպրեսիաների միջոցով ինչ-որ տնտեսության տեսակ, գործունեություն արգելել, դա մի քիչ մեր դարի բան չէ. պատգամավորը՝ շահումով խաղերի հարկերը բարձրացնելու մասին
Օրերս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի և այլ շահումով խաղերի վնասակարության մասին նախագիծը, առաջարկվեց ավելացնել ոլորտի հարկային բեռը, շեշտվեց, որ խաղամոլությունը դարձել է չարիք: Ոլորտի խնդիրների, ճիշտ վերահսկման մեխանզիմների, խաղամոլության դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ Tert.amը զրուցել է քննարկմանը մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանի հետ:
- Պարո՛ն Ցիրունյան, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փետրվարի 5-ի՝ բուքմեյքերական ընկերությունների հարկերի բարձրացման քննարկման ժամանակ նշվեց, թե 2023 թվականի ընդհանուր շրջանառությունը 6.3 տրիլիոն դրամ է, արդյո ՞ք իրական է այս թիվը և դա ի՞նչ թիվ է, ի՞նչ հաշվարկով է գոյացել:
- Ոչ, այդ թվերը իրական չեն: Այդտեղ խառնաշփոթ կա, կարծեմ՝ այդ ընկերությունների ընդհանուր շրջանառությունն է: Դրա համար էլ նիստի ժամանակ պարոն Սարգսյանին խնդրեցինք՝ այդ շրջանառությունների մասին լրացուցիչ ինֆորմացիա բերի: Տնտեսվարողների հետ էլ պետք է հանդիպել: Ըստ իմ ունեցած տվյալների՝ տնտեսվարողները հետ են վերադարձնում այդ գումարները՝ խաղադրույք անողներին շրջանառության 90%-ը: Նույնիսկ կան տվյալներ, որ Հայաստանում այս պահին տնտեսվարողները հետ են վերադարձնում 98%-ը:
(/Խմբ.Tert.am/ խոսքը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի մասին է, համաձայն որի ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը կազմում է 90 տոկոս: Օրենքի հղումը։
Մեր ստացած տվյալներով ևս, այս պահին տնտեսվարողները հետ են վերադարձնում 98%–ը:)
Այստեղ պարադոքս կա. ևս 10 տոկոս հարկի ավելացման դեպքում ստացվում է՝ հարյուր տոկոս հարկել, դրա համար թվերը խիստ ճշտման կարիք ունեն: Այդ թվերը չեն համապատասխանում իրականությանը, դրա մեջ մտնում են խաղացող քաղաքացիների շահած գումարները:
Բացի այդ, այդ ոլորտում հնարավոր չէ հաշվարկ անել կոպեկ-կոպեկ, թե ով որքան խաղադրույք արեց, որքան պարտվեց: Սա միայն խաղադրույք չէ, խաղային համացանցային բիզնեսներ են: Կարող է մի մարդ շահի, հետո շահած գումարը նորից խաղադրույք անի, կոպիտ ասած, կրկնություն լինի, դրա համար խառնաշփոթ կա:
- Խոսվեց արգելելու մասին, դա որքանո՞վ արդյունավետ պայքարի միջոց կլինի, ու ինչի՞ կհանգեցնի:
- Ես այստեղ կուզեի հստակեցնենք՝ արգելել, բայց ո՞ր խաղերը, համացանցային գեմբլինգ տեխնոլոգիաների՞, թե մեր երկրում եղած տոտո-ն, վիվարո-ն և այլ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Մի քիչ էլ թյուրիմացություն այստեղ կա: Այս հարցը չի վերաբերում միայն բուքմեյքերական գրասենյակներին, այլ համացանցային բոլոր տեսակ շահումով խաղերին:
Եթե շատ-շատ էլ ուզենանք արգելել, մի քիչ անհնար կլինի համացանցը փակելը: Ոնց որ ընկնենք այնպիսի գործողությունների հետևից, որոնք ոչ մի արդյունք չեն տալու այս դարում: Ես անձամբ կարծում եմ, որ արգելք անհնար է այս դարում, համացանցի դարում ի՞նչը արգելես: Իհարկե, եթե արգելես, կբերի ստվերի: Համացանցն ինչպե՞ս կարգելես:
- Դուք խաղամոլության դեմ պայքարի որևէ լուծման տարբերակ գիտե՞ք, ի վերջո ինչպե՞ս պայքարել դրա դեմ:
- Պետությունը և կառավարությունը շատ տարբեր կանխարգելիչ միջոցներ են մշակել ու ներդրել: Օրինակ՝ ՊՆ տարածքներում անհնար է հեռախոսով և համացանցով մտնել խաղային տեխնոլոգիաների մեջ, որովհետև հսկվում է: Նաև բանկային քարտերի և այլ օրենքների միջոցով բոլոր խաղադրույքները հիմա իդենտիֆիկացված են: Այսինքն, քաղաքացիները եթե խաղադրույք են անում, գիտեն, որ այսինչյան այսինչն է խաղադրույք արել:
Մի խոսքով, կանխարգելող միջոցներ մենք ունենք կիրառած. գովազդն ենք արգելել, արդեն շատ բան կա արած, բայց կոպիտ ռեպրեսիաների միջոցով ինչ-որ տնտեսության տեսակ, գործունեություն արգելել, դա մի քիչ մեր դարի բան չէ:
Ես չեմ պնդում, որ արդեն բավարար են պետության կողմից մշակված վերահսկողության մեխանիզմները, բայց կառավարությունն ամեն ինչ անում է, որ մարդիկ ստիպված չլինեն գնան խաղան պարտվեն և կորցնեն ամեն ինչ:
- Նիստի ժամանակ Դուք ասացիք, որ ՀՀ-ում սուր տարածված չէ խաղամոլությունը, մինչդեռ ձեր գործընկերները նշեցին, թե զինվորներն էլ են խաղում, Դուք պնդո՞ւմ եք, որ ՀՀ-ում մտահոգիչ չէ խաղամոլների թիվը:
- Չեմ տիրապետում խաղադրույքների թվերին ու քանակներին, որ ասեմ մտահոգիչ է կամ՝ չէ : Ես գտնում եմ՝ նորմալ վիճակ է, որ ինչ-որ երկրում գեմբլինգը և խաղային շահումով խաղերի տարածվածությունը մեծ լինի, դա խոսում է վատ բանի մասին, բայց ես գտնում եմ, որ մեր երկրում այդ վիճակը չէ, որ խաղադրույքները խիստ աչք են ծակում, ուղղակի սրա հետ համեմվել ու խառնվել են համացանցային տեխնոլոգիաները, նոր տեխնոլոգիաներ, որոնք այդքան էլ կապ չունեն խաղադրույքների պարտվելու հետ, սա ծրագրավորման և այլ դաշտում է, IT տեխնոլոգիաների և դա միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է:
- Տնտեսվարողների հետ հանդիպում կլինի՞, Դուք էլ նշեցիք դրա անհրաժեշտության մասին:
- Հարկատեսակ մտցնող օրենքների դեպքում միշտ է կառավարությունը քննարկումներ ունենում տնտեսվարողների հետ ու ոչ թե մի անգամ, այլ մի քանի անգամ՝ տնտեսվարողների և մեր պահանջով, որ ճշտենք վերջնական, և այնպես չլինի, որ օրենքն ընդունվի վերջնական ու պարզվի, որ դրա տակ դեռ խնդիրներ կան:










