Ամեն ինչ վատ է. Զիդանը՝ Մբապեի վնաuվածքի մասին
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է Ազգերի լիգայի A լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Թուրքիայի դեմ խաղում Կիլիան Մբապեի ստացած վնասվածքին՝ խոստովանելով, որ այն կարող է բավականին լուրջ լինել։
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը 54-րդ րոպեին դարձել էր հանդիպման միակ գոլի հեղինակը, սակայն հենց հարվածի ժամանակ վնասել էր ծունկն ու 59-րդ րոպեին ստիպված լքել խաղադաշտը։
«Ցավոք, ամեն ինչ վատ է։ Կարծում եմ՝ Կիլիանը ստիպված կլինի վերադառնալ Մադրիդ։ Մենք չենք պատրաստվում ռիսկի դիմել։ Հարվածի ժամանակ նրա մոտ ծնկի գերձգվածություն է առաջացել։ Սա այնքան էլ հուսադրող չէ՝ հաշվի առնելով, որ նա չկարողացավ շարունակել հանդիպումը»,- Զիդանի խոսքերն է մեջբերում TF1-ը։
Նախնական տվյալներով՝ «եռագույնների» ավագի մոտ արձանագրվել է ծնկի կապանների վնասվածք (գերձգվածություն)։ Ապաքինման ստույգ ժամկետների վերաբերյալ հստակ տեղեկատվություն կհրապարակվի ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նկատմամբ 1-0 հաշվով տարած հաղթանակից հետո, Ֆրանսիայի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին՝ մրցելով Բելգիայի ընտրանու հետ։










