Արմավիրի մարզում չորս գազա-բենզալցակայանի գործունեություն դադարեցվել է
Արմավիրի մարզում չորս գազա-բենզալցակայանի գործունեություն դադարեցվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՔՏՀԱ-ից :
«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 𝟐𝟎𝟐𝟔 թվականի երրորդ եռամսյակում նախատեսված վերահսկողական գործառույթների շրջանակում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, Արմավիրի մարզի գ. Սարդարապատ, Աբովյան փողոց 𝟖𝟑 հասցեում անհատ ձեռնարկատեր «Գ.Սարգսյանի» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում, գ. Նորապատ, 𝟓-րդ փողոց 𝟐/𝟔 հասցեում «Պրեստիժ Պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, գ. Նորապատ, 𝟓-րդ փողոց, 𝟔𝟔 հասցեում անհատ ձեռնարկատեր «Ս.Աբրահամյանի» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում և Էջմիածին համայնքի Արագածի զանգված 𝟏/𝟑 հասցեում՝ «Լ.Այավազյան» ԱՁ-ի կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում։
Նշված լցակայաններում Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացրած հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող գազա-բենզալցակայանների գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։
Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ 4 օբյեկտները կապարակնքվել են»,- նշված է հաղորդագրության մեջ:










