Ամուլսարի հանքավայրը պաշտոնապես բացվեց. ստացվել է առաջին ոսկու ձուլակտորը (տեսանյութ, լուսանկարներ)
21 տարի առաջ, երբ Ամուլսար լեռը դեռ նույնիսկ անվանում չուներ, իսկ դրա ներուժի մասին ոչ ոք չգիտեր, երկրաբաններ Հայկ Ալոյանն ու Թիմ Քոֆլինը սկսեցին հետախուզություն բիզնես նպատակով, բայց չգիտեին, որ հիմք են դնում նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին հանքավայրի հայտնաբերման գործընթացին։
21 տարի անց ազդարարում են հանքի շահագործման մեկնարկը՝ Ամուլսարի առաջին ոսկու կորզման և ձուլման հանդիսավոր արարողությամբ։
«Երբ տեսա արդյունքը, դա շատ հուզիչ էր։ Մասնագիտությամբ երկրաբան եմ, այս ոլորտում եմ շուրջ 30 տարի, բայց նախկինում երբեք ոսկի չէի ձուլել։ Դա հույժ հատուկ պահ էր, որովհետև այս նախագծին վերաբերվում եմ գրեթե սեփական զավակի պես։ Այն ժամանակ չէինք պատկերացնում, որ այսքան ծավալ ու մասշտաբ կունենա, կարևոր կլինի պետության ու համայքնների համար»,-ասել է «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Ծրագրի իրականացման ճանապարհը հարթ չէր․ տարիների ընթացքում բնապահպանների, ակտիվիստների և տեղի համայնքների կողմից բարձրացվել էին բազմաթիվ մտահոգություններ։ Արարողությանը ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ բացումն անցնում է առանց ուղեկցվող բողոքի ակցիաների, քանի որ երկարատև ուսումնասիրությունների, փորձաքննությունների և քննարկումների արդյունքում միայն հնարավոր բոլոր ռիսկերը փարատվեցին։
«Մեր քաղաքականությունը, խնդրի հետ առնչվելու առաջին վայրկյաններից, եղել է հետևյալը՝ նախ պատասխան ձևակերպել հանրությանը հուզող բոլոր հարցերին: Եվ երկրորդը՝ ամեն ինչ անել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորինս տեսանելի և շոշափելի կերպով այս նախագիծը համարեն նաև իրենցը, և ոչ թե նախագիծ, որ այլ տեղերից այլ մարդիկ եկել և իրենք իրենց համար իրականացնում են, այլ սա մի մեծ գործընկերություն է ներդրողների, տեղական կազմակերպությունների, Կառավարության և հանրության համար»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը Հայաստանի խոշորագույն ներդրումային նախագծերից է, որի շրջանակում ներգրավվել է շուրջ 750 միլիոն դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ Կառավարության կողմից տրված պետական երաշխիքի հիման վրա։
Հանքի գործարկումը իր նկատելի ազդեցությունը կունենա երկրի տնտեսության և լեռնահանքային ոլորտի չափանիշների վրա՝ վստահ են կառավարության անդամները։
Բացի այն, որ Կառավարությունը նախագծում ունի 12.5% բաժնեմաս, մասնագիտական կանխատեսումների համաձայն՝ «Լիդիան Արմենիայի» կողմից հանքավայրի շահագործումը պետբյուջեին կապահովի տարեկան մոտ 130 միլիոն դոլարի հարկային վճարումներ և ռոյալթիներ, ինչը երկրի ՀՆԱ-ի վրա կունենա 1.5–2 տոկոսի դրական ազդեցություն: Նախագծի գործարկումը միաժամանակ թույլ կտա ստեղծել շուրջ 4,000 ուղղակի և անուղղակի աշխատատեղ: Ավելին, հանքի գործունեության ամբողջ ընթացքում տեղական համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը տարեկան կուղղվի 7–9 միլիոն դոլար:
Կախված միջազգային շուկայում ոսկու գնային տատանումներից, հանքավայրից տարեկան արտադրանքի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 860-ից 900 միլիոն դոլար։ Ընթացիկ տարվա վերջին եռամսյակում նախատեսվում է թողարկել շուրջ 100 միլիոն դոլարի արտադրանք։ Արտադրված ոսկին նախատեսվում է արտահանել Շվեյցարիա։










