Բողոքի ակցիաները ուսումնասիրելու նպատակով խորհրդարանում կստեղծվի քննիչ հանձնաժողով․ Ֆրանսիայի ԱԺ նախագահ
Ֆրանսիայի Ազգային ժողովի` խորհրդարանի ստորին պալատի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն հայտարարել է, որ առաջարկելու է ստեղծել խորհրդարանական քննիչ հանձնաժողով՝ ուսումնասիրելու հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում տեղ գտած բռնությունները։
«Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած չափազանց լուրջ բռնությունները՝ երեքշաբթի օրը ես կառաջարկեմ ստեղծել խորհրդարանական քննիչ հանձնաժողով՝ պարզելու այդ անկարգությունների մանրամասները, բռնարար խմբերի կիրառած մարտավարությունը, ինչպես նաև հասարակական կարգի պահպանման ռազմավարությունը։ Մենք պետք է դասեր քաղենք այս ամենից՝ ֆրանսիացի ժողովրդին ավելի լավ պաշտպանելու համար», – գրել է նա սոցիալական ցանցում։
Հիշեցնենք՝ շաբաթ օրը Ֆրանսիայի տարբեր հատվածներում լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ գների աճի։ Իրադարձություններն ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանության միջև կատաղի բախումներով, ինչպես նաև անկարգություններով, գույքի ոչնչացմամբ և վանդալիզմի դրսևորումներով։ Արմատական տրամադրված երիտասարդները ջարդուփշուր են արել խանութները, հրկիզել հասարակական տրանսպորտի կանգառներն ու տրանսպորտային միջոցները։ Անկարգությունների մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։










