«Ռեսուրսներից՝ հնարավորություններ». «Լիդիան Արմենիա»-ն «Mining Armenia Forum»-ի ռազմավարական հովանավորներից է (լուսանկարներ, տեսանյութ)
Բնական պաշարները կարող են լինել երկրի տնտեսական զարգացման կարևորագույն հիմքերից, բայց այդ հարստությունը հնարավորության վերածելու համար անհրաժեշտ են գիտելիք, նորարարություն, պատասխանատու կառավարում և միջազգային համագործակցություններ, որի նպատակով, արդեն երրորդ անգամ, կայացավ «Mining Armenia Forum»-ը, որի ռազմավարական հովանավորներից է «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
«Ֆորումը տարեցտարի զարգանում է, մենք տեսնում ենք հետաքրքրությունը, մասնավորապես՝ միջազգային ընկերությունների, խորհրդատուների, մասնագետների: Իհարկե, փորձի փոխանակումը հիմնական ազդեցությունն է ֆորումի, երբ մենք ունենք ստանալու միջազգային փորձը։ Այսօր դուք տեսաք՝ ինչ բարձր կարգի մասնագետներ, իրավաբաններ, փորձագետներ են պանելային քննարկումների մասնակցում և մեզ հետ կիսվում են իրենց փորձով»,-ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

«Սա լավ մշակույթ է, երբ ոլորտի ներկայացուցիչները, պոտենցիալ գործընկերները հավաքվում են և օրեր անցկացնում միասին՝ ոլորտի խնդիրները, հնարավորությունները քննարկելու։ Կառավարության տեսակետից սա շատ օգտակար է, և մենք կուզենայինք, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ ոլորտներ այդ ձևաչափերն օգտագործեին»,-նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Համաժողովի կազմակերպիչները «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան է, որի նախագահ Վարդան Ջհանյանը նշում է՝ այս տարի ներկայացված են մասնակիցներ՝ աշխարհի ավելի քան 15 երկրից, և նպատակ ունեն միջազգային նման հետաքրքրությունը վերածել նոր ներդրումների և ոլորտի արդիականացմանն ուղղված որոշումների:
«Մենք ունենալու ենք այնպիսի հանքարդյունաբերություն, որ ամբողջ Հայաստանի բնակչությունը հպարտ է լինելու դրանով: Մյուս տարի, կարծում եմ՝ ոլորտի կարևորությունն էլ ավելի է մեծանալու, որի արտահանումը կազմելու է մոտ 3 մլրդ դոլար: Ամբողջ Հայաստանի Հանրապետության ապրանքային արտահանումը 2021 թվականին եղել է մոտ 2 մլրդ 800 մլն, իսկ մենք մյուս տարի ակնկալում ենք, որ միայն մեր ոլորտը գերազանցելու է այդ ցուցանիշը։ Երկու գործոն կա՝ Ամուլսարի շահագործումն էր, որը մենք ողջունում ենք, և երկրորդը կրիտիկական մետաղների՝ պղնձի, մոլիբդենի գների աճն է, որը գրանցվել է»-ընդգծեց Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը:

Արտասահմանից ժամանած հյուրերը նույնպես հետաքրքրված են Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի զարգացմամբ, ինչպես նաև տպավորված են նման համաժողովի անցկացմամբ: Փորձագետների գնահատմամբ՝ նման հարթակները կարևոր նշանակություն ունեն լավագույն փորձի ներկայացման և համագործակցությունների ամրապնդման համար:
«Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի երեք հիմնական ընկերության գործունեությանը ծանոթ եմ, գիտեմ, որ նրանց աշխատելաճը համապատասխանում է միջազգային չափանիշներին և առաջիկայում նախատեսում ենք այցելել նրանց: Աշխարհի տարբեր երկրներում միջազգային ֆորումների մասնակցելու փորձ ունեմ, և կարող եմ նշել, որ այս ֆորումը բավականին տպավորիչ է։ Հատկապես ցանկանում եմ ընդգծել բանախոսների բարձր մակարդակն ու ներկայացումների բացառիկ որակը, որոնց ընթացքում ինքս նոր շատ բաներ սովորեցի»-ասաց «NatureMetrics»-ի Բնապահպանական ռազմավարության գլխավոր մասնագետ Պիպա Հովարդը։
«Ռեսուրսներից՝ հնարավորություններ»․ այս խորագիրն է կրում համաժողովը, որի օրակարգում ոլորտի զարգացման հեռանկարների հետ մեկտեղ կարևոր տեղ ունի նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության հեռանկարը։
«Այսօր հանքարդյունաբերության դերը համաշխարհային տնտեսության մեջ էականորեն փոխվում է։ Միջազգային էներգետիկ գործակալության գնահատականներով՝ կրիտիկական հանքային ռեսուրսների պահանջարկը շարունակելու է աճել: Միայն պղինձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 մլն տոննայով»,-նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի հանքարդյունաբերության երկար պատմություն և միջազգային շուկաներում պահանջված մետաղներ, բայց խնդիրը ոչ թե շատ հանքարդյունաբերություն ունենալն է, այլ՝ որակյալ, որոնց ուղղությամբ ընթանում են շարունակական աշխատանքներ:
«Հանքարդյունաբերության վերաբերյալ նախաձեռնություններ կան, որոնք էապես ոլորտում փոփոխություն կմտցնեն, ավելի կբարձրացնեն ներդրումային գրավչությունը, ավելի հստակ կսահմանեն խաղի կանոնները՝ ընկերությունների, պետության և ընդհանրապես այդ գործընթացում շահագրգիռ և մասնակից կողմերի համար»,-ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։

Այսպիսով, «Mining Armenia Forum»-ի շրջանակում վեր հանվեցին ոլորտում առկա խնդիրներն ու բացերը՝ ուրվագծելով զարգացման նոր հեռանկարները։ Քննարկումներն ու փորձի փոխանակումը ևս մեկ քայլ էին դեպի ժամանակակից, պատասխանատու և մրցունակ հանքարդյունաբերություն, որտեղ բնական պաշարները կարող են Հայաստանի կայուն տնտեսական զարգացման համար նոր դռներ բացել:










