Դիանա Աբգարի արձանը․ երեք հայտարարված ամսաթիվ և ոչ մի բացում (լուսանկարներ)

11:57 • 19.10.26

Դիանա Աբգարի անունը կրող այգին Երևանի Մաշտոցի պողոտայում դարձել է քաղաքացիների սիրելի վայրերից մեկը։ Մինչդեռ 20-րդ դարի սկզբին Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, գործարար և բարերար Դիանա Աբգարի արձանի տեղադրման հարցը շարունակ շրջանառվում է, սակայն առայժմ լուծում չի ստացել։

Դիանա Աբգարի հիշատակը հավերժացնող արձանի տեղադրումը նախատեսվում է Երևանում՝ նրա անունը կրող այգում։ Նախագծի համար կազմակերպվել է հանրային դրամահավաք։ Կազմակերպիչների տարբեր ժամանակ հրապարակած հայտարարությունների համաձայն՝ արձանի բացումը 2026 թվականին նախատեսվում էր մարտի 8-ին, այնուհետև՝ ապրիլի 7-ին, իսկ ավելի ուշ որպես բացման օր հայտարարվեց հոկտեմբերի 17-ը՝ Դիանա Աբգարի ծննդյան օրը։

Մարտի 8-ին, ապրիլի 7-ին, ինչպես  նաև հոկտեմբերի 17-ին արձանի բացում տեղի չի ունեցել։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ, Դիանա Աբգար հիմնադրամի (այսուհետ՝ Ֆոնդ) կայքում նվիրատուներին ուղղված որևէ հայտարարություն՝ բացման հետաձգումների, դրանց պատճառների կամ հոկտեմբերի 17-ի արարողության մանրամասների մասին, չկա։ Ընդ որում, հոկտեմբերի 15-ին Mirror-Spectator պարբերականում հրապարակված հոդվածում, որտեղ անդրադարձ կա նաև Մելինե Մեսրոպյանի համահեղինակած գրքին, Դիանա Աբգարին նվիրված հուշարձանի մասին նշվում է, որ դրա տեղադրման ծրագրերը դեռ ընթացքի մեջ են («plans are underway»)։

Ֆոնդի հիմնադիրներն են Հրաչյա Մարգարյանը, Դիանա Աբգարի բարեկամ Միմի Մալայանը և Մելինե Մեսրոպյանը։

2026 թվականի մարտի 18-ին Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին ուղղված նամակում նախագծի կազմակերպիչները հայտնել էին, որ արձանի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 85 հազար ԱՄՆ դոլար, իսկ այդ պահին հավաքվել էր շուրջ 68 հազար դոլար։ Նույն նամակում նշվել էր, որ բացումը նախատեսված է հոկտեմբերի 17-ին։

Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ արձանի տեղադրման վերաբերյալ դիմումը քաղաքապետարանում մուտքագրվել է 2026 թվականի ապրիլի 2-ին՝ նշված նամակից երկու շաբաթ անց։ Այսինքն՝ մարտի 8-ի դրությամբ, երբ նախատեսված էր առաջին բացումը, տեղադրման դիմումը քաղաքապետարան դեռ ներկայացված չէր, իսկ ապրիլի 7-ը դիմումի մուտքագրումից ընդամենը հինգ օր անց էր։ 2026 թվականի օգոստոսին Երևանի քաղաքապետարանից ստացված պաշտոնական պատասխանում նշվել էր, որ հարցը դեռ քննարկվում է։ Տեղադրման թույլտվություն տրամադրելու մասին որոշման վերաբերյալ հրապարակային տեղեկություն այս պահին հայտնի չէ։

Այն պահին, երբ նվիրատուներին ներկայացվում էր հոկտեմբերի 17-ի ամսաթիվը, տեղադրման վերաբերյալ դիմումը, ըստ քաղաքապետարանի պատասխանի, դեռ մուտքագրված չէր։ Մեկը մյուսի հետևից կոնկրետ ամսաթվեր հայտարարելն այն ժամանակ, երբ տեղադրման թույլտվության հարցը դեռ լուծված չէր, կարող էր նվիրատուների մոտ տպավորություն ստեղծել, թե նախագիծը գտնվում է ավելի առաջանցիկ փուլում, քան դա բխում է պաշտոնական փաստաթղթերից։

Մարտի 18-ի նամակում նշված էր, որ անհրաժեշտ 85 հազար դոլարից հավաքվել էր մոտ 68 հազար դոլար։ Սակայն այդ հայտարարությունն ինքնին չի պարզում՝ ամբողջ գումարն արդեն փաստացի ստացվե՞լ էր, թե՞ դրա մեջ ներառված էին նաև խոստացված նվիրատվություններ։ Այս տարբերակումն էական է, քանի որ նվիրատվություն կատարելու որոշումը հաճախ կայացվում է՝ հաշվի առնելով, թե որքան մոտ է նախագիծն իր ավարտին։

Նամակում ներկայացված էր նաև գումար փոխանցելու այլընտրանքային տարբերակ։ Եթե առցանց վճարումը հնարավոր չլիներ, նվիրատուներին առաջարկվում էր գումարը փոխանցել Ֆոնդի հիմնադիրներից Մելինե Մեսրոպյանի անձնական Japan Post Bank հաշվին, որից հետո, ըստ նամակի, գումարը պետք է փոխանցվեր հիմնադրամի հաշվին։ Այդ մասով ևս անձնական հաշվին նվիրատվություն կատարող անձիք չեն ստացել Ֆոնդին նպատակային նվիրատվություն կատարելու վերաբերյալ և ոչ մի ապացույց:

Ֆիզիկական անձի անձնական հաշվի միջոցով նվիրատվություններ հավաքելն ինքնին չի նշանակում, որ միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային։ Սակայն այդ եղանակը նվազեցնում է թափանցիկությունը․ անձնական հաշվի շարժը, որպես կանոն, ենթակա չէ իրավաբանական անձի համար նախատեսված հաշվետվողականության պահանջներին, և նվիրատուն կորցնում է իր գումարի հետագա ընթացքին հետևելու հնարավորությունը։

Հրապարակված տեղեկություններից հնարավոր չէ պարզել, թե այդ հաշվին փաստացի որքան գումար է փոխանցվել, որքանն է փոխանցվել հիմնադրամին և ինչպես են գործարքները հաշվառվել։ Նյութի հրապարակման պահին ֆոնդի կայքում դրամահավաքի կամ հիմնադրամի գործունեության վերաբերյալ որևէ հրապարակային ֆինանսական հաշվետվություն չհաջողվեց գտնել։

Հետևաբար, կարևոր է, որ ծրագրի կազմակերպիչները ներկայացնեն դրամահավաքի ամփոփ հաշվետվությունը՝ նշելով ստացված նվիրատվությունների չափը, առանձին՝ անձնական հաշվով ստացված և հիմնադրամին փոխանցված գումարները, կատարված ծախսերը, առկա մնացորդը և միջոցների հետագա օգտագործման նախատեսված ուղղությունները։ Հաշվի առնելով նամակում նշված և Ֆոնդի կողմից հավաքարգրված գումարի չափը, այն ենթակա է պարտադիր աուդիտի և հաշվետվության տարեկան հրապարակման պահանջներին: Ոլորտի պետական վերահսկողություն իրականացնող մարմինը Պետական Եկամուտների Կոմիտեն է:

Կարևոր է նաև հստակեցնել, թե ինչ ճակատագիր կունենան հավաքված միջոցները, եթե արձանի տեղադրման թույլտվությունը չտրվի կամ ժամկետները զգալիորեն երկարաձգվեն, և արդյոք նվիրատուները կարող են պահանջել իրենց գումարի վերադարձը։

Այս հարցերի բարձրացումը որևէ խախտման մասին եզրակացություն չէ և որևէ անձի կամ կազմակերպության հասցեին մեղադրանք չի պարունակում։ Խոսքը հանրային դրամահավաքի դեպքում ֆինանսական տեղեկությունների հասանելիության և նվիրատուների տեղեկացված լինելու կարևորության մասին է։

Նախագծի պաշտոնական կայքում նշվում է, որ նախաձեռնության սկզբնական փուլում «Ազգային կենտրոն» զարգացման հիմնադրամը ստացել է Երևանի քաղաքապետարանի հավանությունը։ Սակայն կայքում այդ հավանությունը հաստատող փաստաթղթի տվյալները (ամսաթիվ, համար, տրամադրող մարմին) հրապարակված չեն։

Միաժամանակ քաղաքապետարանի պատասխանի համաձայն՝ արձանի տեղադրման վերաբերյալ դիմումը մուտքագրվել է 2026 թվականի ապրիլի 2-ին, իսկ օգոստոսին հարցը դեռ քննարկվում էր։

Հնարավոր է՝ ավելի վաղ ստացված հավանությունը վերաբերել է նախագծի գաղափարին կամ նախնական քննարկմանը, իսկ 2026 թվականի դիմումը՝ արձանի տեղադրման կոնկրետ պայմաններին։ Այս հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ փաստաթուղթ է նկատի առնվել քաղաքապետարանի հավանության մասին հայտարարության մեջ և ինչ փուլում է եղել տեղադրման թույլտվության գործընթացը և ինչն է իրավունք տվել իրենց հայտարարություններում տեղադրել այդ թվում, բայց ոչ միայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական լոգոն (տեղադրվել են նաև Ճապոնիայի դեսպանության, Գեղարվեստի Ակադեմիայի և այլ կազմակերպությունների լոգոներ, որոնք հերքել են տեղեկացվածությունը և ներգրավածության և/կամ աջակցության առկայությունը):

Եթե «հավանություն» ասելով նկատի է առնվել միայն գաղափարի նախնական ընդունումը, իսկ տեղադրման թույլտվություն դեռ չկար, ապա այդ տարբերությունը նվիրատուներին հստակ ներկայացնելը կնվազեցներ թյուրըմբռնման ռիսկը։

Այս նախագիծը նոր չէ։ Արձանի տեղադրման նախաձեռնությունը սկսվել է ավելի վաղ, քան 2026 թվականի դրամահավաքն ու բացման նախատեսված ամսաթվերի հայտարարությունը։

Նախագծի պաշտոնական կայքում նշվում է, որ 2022 թվականի հոկտեմբերին «Ազգային կենտրոն» զարգացման հիմնադրամը նախաձեռնել է արձանի ստեղծման աշխատանքները։ 2024 թվականին անցկացվել է նախագծի մրցույթ, որի արդյունքում ընտրված աշխատանքի մասին մասնակիցներին տեղեկացվել է մայիսի 28-ին։ Նույն կայքի համաձայն՝ ընտրված մոդելն ուղարկվել է Երևանի քաղաքապետարան։

Այս տեղեկությունները ցույց են տալիս, որ արձանի տեղադրման գաղափարը մշակվել է մի քանի տարի շարունակ։ Սակայն միայն մրցույթի անցկացումն ու մոդելի ընտրությունը բավարար չեն հասկանալու համար, թե ինչ փուլում էր գտնվում տեղադրման գործընթացը և ինչ պայմաններ էին դեռ անհրաժեշտ դրա իրականացման համար։ Ուշագրավ է նաև, որ, ըստ քաղաքապետարանի պատասխանի, տեղադրման վերաբերյալ դիմումը մուտքագրվել է միայն 2026 թվականի ապրիլին՝ մոդելի ընտրությունից գրեթե երկու տարի անց, որը սակայն մրցույթ արդյունքների ամփոփման ժամանակ նշվել է, որ մոդելը ուղարկվել է Երևանի քաղաքապետարան:

Հատկապես կարևոր է պարզել, թե պաշտոնական կայքում հիշատակված քաղաքապետարանի հավանությունն ինչին էր վերաբերում, և ինչպես էր այն առնչվում 2026 թվականին ներկայացված դիմումին։

Դրամահավաքի ընթացքում ամիսներ շարունակ Ֆոնդի կայքում որպես նախագծի աջակից ներկայացված էր նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը՝ իր տարբերանշանով (լոգոյով)․ ներկայումս այդ հիշատակումը հեռացված է, սակայն ոչ բոլոր հրապարակումներից, քանի որ այս պահի դրությամբ բաց են թողել մեկ հրապարակման շրջանակներում լոգոն հեռացնելու գործողությունը:

Այդ հարցով ուղարկված հարցմանն ի պատասխան՝ դեսպանատունը պաշտոնական գրությամբ հայտնել է, որ նման աջակցություն չի ցուցաբերել, ավելին որևէ արտոնություն չի տրամադրե իր պաշտոնական տարբերանշանը հրապարակումներում օգտագործելու համար։ Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության անունը և տարբերանշանը աջակիցների շարքում կարող է էապես ազդել նվիրատուների վստահության և նրանց որոշման վրա։

Այս պարագայում ևս անհրաժեշտ է պարզել, թե ինչ հիմքով է դեսպանատունը և նրա տարբերանշանը հիշատակվել նախագծի աջակիցների թվում, ինչու է այդ հիշատակումը հետագայում հեռացվել, և արդյոք այդ մասին տեղեկացվել են այն նվիրատուները, որոնք գումար էին փոխանցել, երբ այն դեռ առկա էր։ Կազմակերպիչների մեկնաբանությունը և համապատասխան փաստաթղթերի հրապարակումը կարող են հստակեցնել այս հարցը։

Հեղինակը հարկ է համարում ընդգծել, որ Դիանա Աբգարի հիշատակը հավերժացնող արձանի նախագիծը մշակութային նշանակություն ունեցող նախաձեռնություն է։ Այդ պատճառով հանրության և նվիրատուների համար կարևոր է հասկանալ ոչ միայն դրա նպատակը, այլև իրականացման ընթացքը։

Այս պահին պարզաբանման կարիք ունեն մի քանի հարցեր.

  •  ինչ հիմքով էր հայտարարվել քաղաքապետարանի հավանության մասին.
  •  ինչ հիմքով էին հաջորդաբար հայտարարվում մարտի 8-ի, ապրիլի 7-ի և հոկտեմբերի 17-ի բացման ամսաթվերը, երբ տեղադրման թույլտվությունը դեռ տրված չէր.
  •  ինչու նվիրատուները չեն տեղեկացվել հետաձգումների և դրանց պատճառների մասին.
  •  արդյոք հոկտեմբերի 17-ի ամսաթիվը չպահպանելը նախապես համաձայնեցված է, և եթե ոչ՝ ինչ նոր ժամկետ է նախատեսվում.
  •  ինչպես են հաշվառվել դրամահավաքի ընթացքում ստացված միջոցները՝ ներառյալ անձնական հաշվով ստացվածները, ինչ կլինի այդ միջոցների հետ, եթե թույլտվությունը չտրվի.
  • որտեղ է փաստացի գործում ֆոնդը,
  • ինչ հիմքով է հիշատակվել Ճապոնիայի դեսպանատան և մյուս կառույցների աջակցությունը, որոնց պաշտոնական տարբերանշանները տեղադրվել են հայտարարություններում:

Այս հանգամանքները ինքնին որևէ իրավախախտում չեն ապացուցում, և հեղինակը չի պնդում, որ կազմակերպիչները չեն կատարի իրենց ստանձնած պարտավորությունները։ Եթե արձանը տեղադրվի, իսկ ֆինանսական հաշվետվությունը հրապարակվի, դա միայն ողջունելի կլինի։ Սակայն, հեղինակի կարծիքով, դրանք միասին վերցված վստահություն չեն ներշնչում և լուրջ զգուշության առիթ են այն անձանց համար, ովքեր մտադիր են նվիրատվություն կատարել։ Դրանց հստակեցման համար անհրաժեշտ են ծրագրի կազմակերպիչների պատասխանները և համապատասխան փաստաթղթերը։ Խնդիրը յուրաքանչյուրի կողմից կատարված նվիրատվության գումարների չափի մասին չէ, այլ ընդհանուր համակարգային և պարբերական դրամահավաքների, որոնք կատարվել են նպատակային, իսկ ՆՊԱՏԱԿԸ անկատար:

Ինչ կարող են անել նվիրատուները

Քանի դեռ վերը նշված հարցերի պատասխանները հրապարակված չեն, հեղինակը խորհուրդ է տալիս այս կամ նմանատիպ այլ դրամահավաքներին մասնակցել միայն հետևյալ նախազգուշական քայլերից հետո՝

– նվիրատվություն կատարելուց առաջ կազմակերպիչներից գրավոր պահանջել արդեն հավաքված և ծախսված միջոցների մասին տեղեկություն,

– գումարները փոխանցել միայն իրավաբանական անձի՝ հիմնադրամի պաշտոնական բանկային հաշվին և խուսափել ֆիզիկական անձանց անձնական հաշիվներին փոխանցումներից,

– ստուգել, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ թույլտվություններն իրականում տրված են, իսկ աջակիցների շարքում նշված կառույցներն իսկապես աջակցում են ծրագրին,

– ստուգել կազմակերպության գրանցման տվյալներն ու հասցեն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում (e-register.am),

– պահպանել փոխանցումը հաստատող բոլոր փաստաթղթերը։

Արդեն նվիրատվություն կատարած անձինք իրավունք ունեն կազմակերպիչներից գրավոր տեղեկություն պահանջել իրենց փոխանցած գումարի ստացման և օգտագործման վերաբերյալ։

Ֆինանսական հաշվետվության, համաձայնեցման գործընթացի և ժամկետների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը թույլ կտա հանրությանը հասկանալ, թե ինչ աշխատանքներ են կատարվել, ինչ փուլում է գտնվում նախագիծը և ինչ քայլեր են անհրաժեշտ դրա հետագա իրականացման համար։

Հեղինակը պատրաստ է ամբողջությամբ հրապարակել «Ազգային կենտրոն» զարգացման հիմնադրամի և ծրագրի կազմակերպիչների պատասխանները և նրանց ներկայացրած փաստաթղթերը։

Աղբյուրներ և հեղինակի դիրքորոշում

Հոդվածի փաստական տվյալները հիմնված են հետևյալ աղբյուրների վրա՝ նախագծի պաշտոնական կայք, կազմակերպիչների՝ 2026 թ. մարտի 18-ի նամակ, Երևանի քաղաքապետարանի 2026 թ. օգոստոսի պաշտոնական պատասխան, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան պաշտոնական գրություն, նվիրատուների նամակագրություններ, Mirror-Spectator պարբերականի 2026 թ. հոկտեմբերի 15-ի հրապարակում («Finding Mrs. Apcar: An Assyrian Family’s Journey Through Japan»)։ Հոդվածում արտահայտված գնահատականներն ու հարցադրումները հեղինակի անձնական կարծիքն են՝ արտահայտված հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ, և չեն կարող դիտվել որպես որևէ անձի կողմից իրավախախտում կատարելու մասին պնդում։