Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21:44 • 20.10.26

Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 31-ից գործարկվելու է կենսաչափական փաստաթղթերի ստացման գործընթացի նախագրանցման առցանց հարթակը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Հարթակը հնարավորություն կտա փաստաթղթավորման հայտ ներկայացնել երկու եղանակով՝
-խիստ նույնականացմամբ,

-առանց խիստ նույնականացման։

Խիստ նույնականացմամբ նախագրանցման գործընթացում քաղաքացին անմիջապես կուղղորդվի վճարման էջ և սպասարկման իրեն հարմար գրասենյակ ընտրելու։
Առանց խիստ նույնականացման նախագրանցման դեպքում ներկայացված տվյալները կհամադրվեն Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։ Տվյալների ամբողջական համընկնման դեպքում քաղաքացին կկարողանա ընտրել սպասարկման օրը, ժամը և հասցեն, ինչպես նաև կատարել համապատասխան վճարումը։

Եթե ներկայացված տվյալները չհամընկնեն Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ, քաղաքացին կուղղորդվի Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ տվյալները ճշտելու և անհրաժեշտության դեպքում շտկելու համար։

Տվյալների շտկումից և լիազոր մարմնի կողմից դրանց հաստատումից հետո միայն քաղաքացին կկարողանա ամրագրել սպասարկման օրն ու ժամը։ Նախագրանցման հնարավորությունը նշված օրվանից հասանելի կլինի «Հայփաս» ընկերության պաշտոնական կայքում՝ www.haypass.am։