Ինչ ունեցվածք ունեն Գորիսի ավագանու թեկնածուները. Hetq.am
Հոկտեմբերի 25-ին Գորիս խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ կանցկացվեն։ Համայնքն առաջիկա հինգ տարիներին ղեկավարելու հայտ է ներկայացրել երկու քաղաքական ուժ՝ «Ապրելու քվե» և «Համերաշխություն» դաշինքները։ Այս մասին գրում է Հետքը:
Հիշեցնենք, որ 2026-ի հունիսին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո Գորիս, Տեղ և Տաթև համայնքները միավորվել էին։ Նոր ձևավորված համայնքն այժմ ներառում է 28 բնակավայր։
«Ապրելու քվե» կուսակցությունների դաշինք
«Ապրելու քվե» դաշինքի կազմում ընդգրկված է երկու կուսակցություն՝ «Ապրելու երկիր»-ը և «Հայկական քվե»-ն։ «Ապրելու երկիր» կուսակցությունը բավական ակտիվ մասնակցում է առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Բացի Գորիսից, կուսակցությունը մասնակցում է նաև Դիլիջանի, Մարտունու, Արթիկի, Մեղրիի և Ջերմուկի ընտրություններին։
Դաշինքի մյուս ուժը՝ «Հայկական քվե»-ն, ստեղծվել է ամիսներ առաջ՝ «Հայաքվե» նախաձեռնության հիմքի վրա։
«Ապրելու քվե» դաշինքի ցուցակը Գորիսի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է Արգամ Հովսեփյանը։ Նա Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է։ 2021-ին Հովսեփյանը գլխավորում էր «Ապրելու երկրի» ցուցակը Տեղ համայնքի ընտրություններում։
Արգամ Հովսեփյանը չի աշխատում։ Եկամտի միակ աղբյուրը, ըստ հայտարարագրի, կենսաթոշակն է։ 2025-2026 թթ. (սեպտեմբերից սեպտեմբեր) այն կազմել է 840.000 դրամ։ Նրա դրամական միջոցները կազմում են 100.000 դրամ։ Հովսեփյանի հայտարարագրած միակ անշարժ գույքը 3 հա մակերեսով հողամասն է։
Դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համարը Լևոն Արշակյանն է։ Նա աշխատում է «Զելըս» ՓԲԸ-ում որպես որակի ապահովման մասնագետ։ Ի դեպ, Արշակյանը «Ապրելու քվե» դաշինքի ցուցակում միակ զբաղվածն է, աշխատանք ունի։
Արշակյանը «Զելըս» ՓԲԸ-ից հաշվետու ժամանակահատվածում ստացել է 8.5 մլն դրամ աշխատավարձ, իսկ «Արարատյան շարժում» հիմնադրամից՝ 2.4 մլն դրամ։ Լևոն Արշակյանը հաշվետու ժամանակահատվածում 10 մլն դրամ վարկ է ստացել «Արդշինբանկից» և «Ակբա բանկ»-ից։ 3 մլն դրամ խնայողություն ունի։
Լևոն Արշակյանը Գորիսում գտնվող երկու բնակարանի համասեփականատեր է։ Բնակարաններից մեկը 76 քմ է, մյուսը՝ 53։ Արշակյանը հայտարարագրել է 2021 թվականի արտադրության «Kia Forte» մեքենա։
Լուսինե էմիրյանը «Ապրելու քվե» դաշինքի ցուցակում առաջին կին թեկնածուն է։ Նա հայտարարագրում նշել է, որ գործազուրկ է, բայց հաշվետու ժամանակահատվածում 1.5 մլն դրամ աշխատավարձ է ստացել «Յունիբանկ» ԲԲԸ-ից։ «Ֆասթբանկ» ԲԲԸ-ից էլ 5.5 մլն դրամ փոխառություն է ստացել։
Անշաժ կամ շարժական գույք և խնայողություններ Էմիրյանը չի հայտարարագրել։
Վաչագան Մանգասարյանը ցուցակի չորրորդ համարն է։ Նա ևս անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել։ Մանգասարյանը հաշվետու ժամանակահատվածում 968 հազար դրամ թոշակ է ստացել։ 50 հազար դրամ խնայողություն ունի։
«Ապրելու քվե» դաշինքի ցուցակի առաջին հնգյակը եզրափակում է Սոնա Դավթյանը։ Նա եկամտի որևէ աղբյուր չի հայտարարագրել։ Դավթյանը Գորիսում գտնվող 112 քմ մակերեսով տնամերձ հողամասի համասեփականատեր է։ Բացի այդ, 4 հա մակերեսով վարելահող է հայտարարագրել Արավուս գյուղում և 1998-ի արտադրության «Mercedes C280»։
«Համերաշխություն» կուսակցությունների դաշինք
«Համերաշխություն» դաշինքի կազմում ընդգրկված է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները։
«Գործարար» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին։ Նույն տարում մասնակցել է Գյուրմրու քաղաքապետի ընտրություններին, սակայն դրանից հետո որևէ ակտիվություն չի ցուցաբերել։ Այս ընտրություններին կուսակցությունն առանձին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով մասնակցում է ՏԻՄ ընտրություններին մի շարք համայնքներում։
Գորիսում «Համերաշխություն» դաշինքի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Նա ցուցակի ամենահարուստ անդամն է։ Նրա դրամական միջոցները կազմում են՝ 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո։ Առուշանյանը որպես եկամտի աղբյուր նշել է համայնքապետարանից ստացած 3.1 մլն դրամ աշխատավարձը։ Նա «Գոր մետալ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:










