Սպիտակ տունը ավելի քան 343,000 դոլար է ծախսել Թրամփի շինհրապարակների պաշտպանության համար նախատեսված տեսախցիկների վրա․ WP

16:40 • 21.10.26

Սպիտակ տունը առնվազն 343,100 դոլար է ծախսել տեսահսկման տեսախցիկների վրա՝ ենթադրյալ վանդալներից պաշտպանելու համար այն օբյեկտները, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերականգնել է կամ մտադիր է կառուցել կամ վերակառուցել: Այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով ֆինանսական հաշվետվություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթերի համաձայն՝ տեսախցիկներն արդեն տեղադրվել են Վաշինգտոնում Աբրահամ Լինքոլնի հուշահամալիրի դիմաց գտնվող հայելային ավազանի հարևանությամբ: Տեսահսկման համակարգեր են հայտնվել նաև Արլինգթոնի ազգային գերեզմանատանից ոչ հեռու գտնվող հաղթական կամարի ենթադրյալ կառուցման վայրում և ամերիկյան մայրաքաղաքի Արլինգթոնի կամրջի մոտ գտնվող վերջերս ոսկեզօծված արձանների կողքին:

Թերթի տեղեկություններով՝ սարքավորումների մի մասը տրամադրել է LiveView ընկերությունը, որի շարժական տեսախցիկները համալրված են արհեստական բանականության գործիքներով: Մինչ այդ այն արդեն պայմանագրեր էր կնքել Սպիտակ տան հետ՝ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) գործողություններին աջակցելու համար:

«Սա լավ օրինակ է այն բանի, թե ինչպես են պետական հիմնարկները վերջին շրջանում մսխում հարկատուների փողերը հանուն Թրամփի ստերի և քմահաճույքների», - թերթը մեջբերում է դեմոկրատ կոնգրեսական Ջարեդ Հաֆմանի մեկնաբանությունը, ով պատասխանատու է այն զբոսայգու տարածքի համար, որտեղ գտնվում են հայելային ավազանն ու տեսախցիկներով հագեցած այլ օբյեկտներ:

Մայիսին Թրամփը, հայելային ավազանը համեմատելով աղբամանի հետ, ազդարարեց սեփական նախագծով դրա վերականգնման մասին: Ավելի ուշ նախագահը հայտնեց օբյեկտի մոտ վանդալիզմի լուրջ դեպքերի մասին: Իրավապահ մարմինները սկսեցին միջադեպի հետաքննությունը: Օգոստոսին դատախազությունը պահանջեց կարճել քրեական գործը՝ հանգելով այն կարծիքին, որ վնասը հասցվել է հուլիսին ԱՄՆ 250-ամյակի տոնակատարության ընդառաջ ավազանի անորակ վերանորոգման հետևանքով: