33-ամյա Քեթրին Բրիդը լողալով հաղթահարել է Կալիֆորնիայի՝ 1,450 կմ երկարությամբ ափամերձ հատվածը՝ 111 օրում
ԱՄՆ-ում 33-ամյա մարզուհին ռեկորդային տարածություն է հաղթահարել օվկիանոսում՝ Կալիֆորնիայի հյուսիսային մասից մինչև Սան Դիեգո: Դրա համար նրանից պահանջվել է 111 օր, հայտնում է The Guardian-ը:
Պրոֆեսիոնալ լողորդուհի Քեթրին Բրիդը հաղթահարել է փոթորիկներ, ուժեղ հոսանքներ և ջրի աղտոտված հատվածներ, մինչև որ լողացել է Կալիֆորնիայի ողջ ափամերձ երկայնքով: Ընդհանուր առմամբ ամերիկուհին հաղթահարել է շուրջ 1,450 կիլոմետր՝ 111 օրում:
Ամեն օր Քեթրինը լողում էր մոտավորապես 16 կիլոմետր: Նա ֆինիշին է հասել Կորոնադո լողափում՝ գրեթե չորս ամիս տևած փորձություններից հետո:
Նրա տեղաշարժին հետևում էր ուղեկցող հատուկ թիմը նավի վրա, որտեղ մարզուհին կարող էր հանգստանալ փուլերի միջև:
Բացի այդ, այս լողազբոսանքը փաստագրվում էր Բաց ջրերում լողի համաշխարհային ասոցիացիայի համար, իսկ տարածության մեծ մասը հեռարձակվում էր YouTube-ում:
Քեթրին Բրիդը որոշել էր ոչ միայն ստուգել իր ֆիզիկական հնարավորությունները, այլև ցույց տալ Կալիֆորնիայի ափամերձ տարածքի գեղեցկությունը: Դրանով նա ձգտում էր ուշադրություն հրավիրել ծովային բնության պահպանման կարևորության վրա, ինչպես նաև աղջիկներին ու կանանց ոգեշնչել ավելի շատ ժամանակ անցկացնել ջրում:
Ինչպես նշում է հրատարակությունը, մարզուհին օվկիանոսում լողալը համեմատում էր լվացքի մեքենայի ներսում գտնվելու հետ:
Սա Քեթրին Բրիդի առաջին լողազբոսանքը չէ: 2018 թվականին նա լողալով անցել է Լա Մանշը, իսկ 2019-ին՝ Հյուսիսային նեղուցը Իռլանդիայի և Շոտլանդիայի միջև:
Նրա մյուս ձեռքբերումների թվում են լողը Թահո լճով՝ 9 ժամից պակաս ժամանակահատվածում, ինչպես նաև 40 կմ տարածությունը «Ոսկե Դարպասներ» կամրջից մինչև Հաֆ Մուն Բեյ ծոց:










