87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
87 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի հայ նկարիչ-գրաֆիկ, նկարազարդող, ծաղրանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը: Այս մասին հայտնել է նրա դուստրը՝ Իրինա Աբրոյանը:
Տասնամյակներ շարունակ նրա նկարները տպագրվել են «Ոզնի» երգիծաթերթում, «Կոմունիստ», «Սովետական Հայաստան» թերթերում, ինչպես նաև համամիութենական պարբերականներում («Крокодил», «Огонёк», «Неделя», «Литературная газета»): Մինչև կյանքի վերջին օրերը նա աշխատում էր «Голос Армении» թերթում:
Իր երկարատև ստեղծագործական կյանքի ընթացքում նա դարձել էր ծաղրանկարչության ամենաճանաչված վարպետներից մեկը Հայաստանում: Լինելով ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ՝ նա նշանակալի հետք է թողել երգիծական գրաֆիկայի պատմության մեջ:
Նրա տաղանդը ճանաչված էր հայրենիքի սահմաններից դուրս: Համամիութենական պարբերականներից բացի նրա աշխատանքները տպագրվել են նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Լիբանանի ԶԼՄ-ներում:
Վլադիմիր Աբրոյանը բազմիցս դարձել է հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, նրա անունն իրավամբ տեղ է գտել Հումորի միջազգային հանրագիտարանում (Իտալիա) և Համաշխարհային ծաղրանկարչության անթոլոգիայում:
Խորին և անկեղծ ցավակցություն ենք հայտնում Վլադիմիր Աբրոյանի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին:










