Դեմ ենք քվեարկելու ԹՐԻՓՓ նախագծին. Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված, քան կարող է լինել ՀՀ շահը. Աննա Գրիգորյանը
Պայմանագիրը փաստացի երկկողմ է համարվում, կողմերն են Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները, բայց բովանդակության մեջ կա երրորդ կողմը՝ Ադրբեջանը, Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ խոսելով ԹՐԻՓՓ-ի մասին:
«Ավելին՝ Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված այս փաստաթղթում, քան կարող է լինել ՀՀ շահը։
Ի՞նչ է ստանում կողմերից մեկը՝ ԱՄՆ-ն: Ստանում է ուղիղ ներկայացվածություն տարածաշրջանում: Եթե նույնիսկ քաղաքացիական ներկայացվածություն է լինելու, այդ ներկայացվածությունը լինելու է Իրանի հետ սահմանին, այսինքն՝ կարևոր ստրատեգիական հատվածում ներկայացվածություն է ունենալու, տնտեսական կոմպոնենտը շատ չեմ նշում, որովհետև Ա,ՄՆ-ի համար չափազանց անէական շահույթ է լինելու:
Ի՞նչ է ստանում Ադրբեջանը: Ստանում է անխոչընդոտ կապ Նախիջևանի և Ադրբեջանի միջև, մի բան, որը եղել է Ադրբեջանի և Թուրքիայի մշտական երազանքը, ռազմավարական նպատակը և դրա իրականացումն արտացոլվում է այս փաստաթղթում։
Ի՞նչ է ստանում ԱՄՆ-ն՝ բոլորիս համար հասկանալի է, ի՞նչ է ստանում Ադրբեջանը՝ ևս հասկանալի է, իսկ ի՞նչ է ստանում ՀՀ-ն։ Այդ հարցին, երբ փորձում է քաղաքական մեծամասնությունը պատասխանել, սովորաբար առաջին պատասխանը լինում է՝ ապաշրջափակում։ Հողի վրա որևէ կոմունիկացիա չի ապաշրջափակվում, որևէ սահման չի բացվում, այսինքն՝ առաջին պատասխանն արդեն իսկ սխալ է: Չկա որևէ ապաշրջափակում, կա ՀՀ կոմունիկացիոն ցանց և կա Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ, որը որևէ կապ չի ունենալու ՀՀ-ի մեկ այլ որևէ ճանապարհի հետ։
Սրան ի պատասխան սովորաբար ասում են՝ բա գիտեք Ադրբեջանը թույլ է տալիս, որ իր տարածքով բեռներ գան ՀՀ: Սիրելի հայրենակիցներ, որպեսզի մոտավոր պատկերացնեք, փաստացի այն բեռները, որոնք Ռուսաստանից Վրաստանով դեպի Հայաստան են գալիս, հիմա Ռուսաստանից գնում է Ադրբեջան, այնուհետև Վրաստան այնուհետև Հայաստան, և սա համարվում է համարժեք ապաշրջափակում, այսինքն՝ մեր տարածքը տվել եք, ադրբեջանցիներն իրենց համար անխոչընդոտ գնալու են ու գան, իսկ մեզ համար պարզվում է ընդամենն այդ հնարավորությունը, որն ընդհանրապես տնտեսական որևէ էֆեկտ չի ունենալու, նշանակում է՝ դա է մեզ համար ապաշրջափակումը»,-նշել է նա:
Աննա Գրիգորյանն ընդգծել է՝ Ադրբեջանն ունեցել է հիմնական մեկ պահանջ՝ հայի դեմք չտեսնել, և այս գործընթացում ՀՀ քաղաքացու հետ ադրբեջանցիները չեն առնչվելու։
«Սա անընդունելի է, որովհետև մեր ինքնիշխանության սահմանափակում է տեղի ունենալու։ Եթե ոչ, ապա եկեք բացատրեք, թե մեր բեռներն Ադրբեջանի տարածքով անցնելիս, որտեղ են այսպես տեսնելու «front office» ու «back office»: Հայ բեռնատարը տեսնելո՞ւ է ադրբեջանցու, թե՞ չի տեսնելու: Բնականաբար տեսնելու է ու այստեղ ձեր փոխադարձության միֆերը միանգամից հօդս են ցնդում»,-հավելել է նա:
«Հայաստան» խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ հաշվի առնելով բազմաթիվ հարցերը՝ դեմ են քվեարկելու այդ նախագծին:











