Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ
ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթն Ազգային ժողովը 62 կողմ, 0 դեմ, 34 ձեռնպահ ձայներով ընդունեց 1–ին ընթերցմամբ։
Օրենքի փոփոխություններով նախատեսվում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի պատասխանատվություն։
Օրենսդրական փոփոխությունների նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ կին պատգամավորներ, որոնցից Զարուհի Բաթոյանը ԱԺ–ում ներկայացրեց նախագծի մանրամասները։
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններով նախատեսվում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի պատասխանատվություն։
Օրենսդրական փոփոխություններով` առաջարկվում է ուժեղացնել տուժողի պաշտպանությունը, բացառել հաշտության պրոցեսը և բռնարարին պատասխանատվության ենթարկել, բացառել տուժողի կրկնակի հարցաքննությունը, արգելել բռնարարի տնային կալանքը, մանավանդ երբ նա տուժողի հետ միևնույնն տանն է ապրում` նոր տրավմայից խուսափելու համար։ Կապահովվի նաև բռնարարի ռեաբիլիտացիա։
Նախագծով նախատեսվում է, որ ոստիկանը հենց ժամանի դեպքի վայր, իր կրծքին ամրացված կունենա տեսախցիկ, որպեսզի հետագա վարույթի համար անհրաժեշտ փաստեր, ապացույցներ հնարավոր լինի հավաքել։
Նշենք, որ Աննա Հակոբյանն առաջարկել էր փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։ Այս թեմայով նա ցանկանում էր հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և կին պատգամավորների հետ, սակայն նրանք մերժեցին։










