Մենք երբևէ չենք հայտարարել Դիանա Աբգարի արձանի բացման վերջնական և պաշտոնական ամսաթիվ. առկա են մեզանից անկախ վարչական և տեխնիկական գործընթացներ. «Դիանա Աբգար» բարեգործական հիմնադրամ
Մենք երբևէ չենք հայտարարել Դիանա Աբգարի արձանի բացման վերջնական և պաշտոնական ամսաթիվ. առկա են մեզանից անկախ վարչական և տեխնիկական գործընթացներ։ Ասված է «Դիանա Աբգար» բարեգործական հիմնադրամի հաղորդագրության մեջ։ Այս հաղորդագրությամբ հիմնադրամն անդրադարձել է իր գործունեությանն առնչվող հրապարակմանը։ Հիմնադրամի պարզաբանումները՝ ստորև․
«Դիանա Աբգարի հուշարձանի ստեղծման և տեղադրման լիազորությունը մեզ վերապահված է հիմնադրամի կանոնադրությամբ։ Հայաստանում հուշարձանների ստեղծման ծրագրերից քչերն են, եթե ընդհանրապես կան այդպիսիք, փաստագրվել նման թափանցիկությամբ և մանրամասնությամբ։ Սա արտացոլում է հանրությանը տեղեկացված պահելու և նախաձեռնության բոլոր կողմերի վերաբերյալ բաց ու թափանցիկ լինելու մեր հանձնառությունը։ Եթե ծրագրի մշակման ընթացքում փոփոխություններ են տեղի ունենում, ինչը հաճախ է պատահում, մենք այդ մասին տեղեկացնում ենք գործընթացում ներգրավված համապատասխան անձանց և հանրության համար թարմացնում ենք մեր կայքում ու այլ տեղեկատվական աղբյուրներում ներկայացված տեղեկությունները։
Հուշարձանի նախագիծը ջերմ ընդունելության է արժանացել Երևանի քաղաքապետարանի կողմից։ 2022 թվականի հոկտեմբերին քաղաքապետարանից ստացել ենք պաշտոնական նամակ, որտեղ քաղաքապետարանը հայտնել է աջակցության պատրաստակամություն՝ հուշարձանի նախագծի մրցույթը կազմակերպելու և հետագայում քանդակը ստեղծելու աշխատանքները սկսելու համար։ Այդ ամբողջ ժամանակահատվածում հիմնադրամը հետևողականորեն աշխատել է ծրագրի իրականացման ուղղությամբ՝ մշակելով մրցույթի չափանիշներն ու անհրաժեշտ փաստաթղթերը։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ համագործակցությամբ անցկացված բաց, անանուն մրցույթի արդյունքում 2024 թվականի մայիսին ներկայացված աշխատանքներից ընտրել ենք առավել համապատասխան նախագիծը։ Ընտրված նախագիծը, որի հեղինակը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ է, ինչպես նաև դասախոս, մեր սահմանած չափանիշների հիման վրա առաջարկում էր լավագույն լուծումը։ Դրանից հետո քանդակագործի հետ սկսել ենք քննարկումներ՝ բոլոր պայմանները, ինչպես նաև աշխատանքների կազմակերպչական և տեխնիկական գործընթացները հստակեցնելու նպատակով։
Հակառակ անանուն հեղինակի պնդումներին՝ քաղաքապետարան մեր առաջին դիմումը ներկայացվել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին, այսինքն՝ նրա հիշատակած 2026 թվականի ապրիլի 2-ի դիմումից շատ ավելի վաղ։ Այդ առաջին դիմումին ի պատասխան՝ մեզ առաջարկվել է լրամշակել նախագծի փաստաթղթերն ու ճարտարապետական որոշ կողմերը։ Մինչև 2026 թվականի դիմումը մեր ուշադրությունը կենտրոնացած է եղել հենց այդ փոփոխությունների իրականացման վրա։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անանուն հեղինակի ներկայացրած եզրակացությունները սխալ են և հիմնված են ոչ ամբողջական տեղեկությունների վրա։ Քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ աշխատանքները համաձայնեցնելուց և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելուց հետո 2026 թվականի ապրիլի 2-ին ներկայացրել ենք նոր դիմում։ Հետևաբար, ծրագրի ավարտի համար նախկինում նախատեսված՝ ոչ թե պաշտոնական, այլ նախանշված ժամկետը տեղափոխել էինք հոկտեմբերի 17։ Ցավոք, մեզանից անկախ հանգամանքների պատճառով, այդ թվում՝ քաղաքապետարանի գեղագիտական հանձնաժողովի կողմից նախագծի հաստատման շարունակվող գործընթացի, ինչպես նաև Հայաստանում անցկացվող COP-17 միջազգային համաժողովի և դրանով պայմանավորված գործունեության զգալի ակտիվացման հետևանքով, այդ նախատեսված ժամկետը նույնպես հետաձգվեց։ Ներկայումս քաղաքապետարանը մեզ՝ որպես ծրագրի կազմակերպիչների, և քանդակագործի հետ շարունակում է քննարկումներն ու տեխնիկական աշխատանքները՝ նախագիծը լրամշակելու և բնական չափերի կավե մոդելի վերջնական տարբերակը պատրաստելու նպատակով։
Ինչ վերաբերում է հրապարակման մեջ հիշատակված մարտի 8-ի, ապրիլի 7-ի և հոկտեմբերի 17-ի բացման ամսաթվերին, ապա դրանք ընդամենը ծրագրի ավարտի համար մեր նախընտրած, ակնկալվող և խորհրդանշական նշանակություն ունեցող նպատակային ամսաթվերն էին։
2025 թվականին նկարահանել և հրապարակել ենք հատուկ տեսանյութ, որում մանրամասն ներկայացված է ծրագրի՝ այդ ժամանակվա ընթացքը։ Կարծում ենք՝ տեսանյութը հանգամանորեն բացատրում է ամեն ինչ, և հենց այդ նպատակով էլ այն պատրաստել ենք։ Տեսանյութում հստակ նշել ենք, որ մենք միայն հույս ունեինք, թե աշխատանքները հնարավոր կլինի ավարտել մինչև մարտի 8-ը կամ ապրիլի 7-ը։ Մենք երբևէ չենք հայտարարել Դիանա Աբգարի արձանի բացման հաստատված, վերջնական և պաշտոնական ամսաթիվ, քանի որ առկա են մեզանից անկախ վարչական և տեխնիկական տարբեր գործընթացներ։ Մանրամասն տեղեկություններն ու թարմացումները հասանելի են մեր կայքում։
Արդյո՞ք հոկտեմբերի 17-ի ամսաթիվը չպահպանելը նախապես համաձայնեցված է, և եթե ոչ՝ ի՞նչ նոր ժամկետ է նախատեսվում։
Բաց, անանուն մրցույթի արդյունքում ընտրված նախագծի հաստատման գործընթացը դեռ շարունակվում է։ Քաղաքապետարանի գեղագիտական հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է նախագիծը։ Տեխնիկական աշխատանքներ են իրականացվում ինչպես հանձնաժողովի ներսում, այնպես էլ քանդակագործի հետ համագործակցությամբ։ Սա չափազանց կարևոր և նուրբ գործընթաց է, որի նպատակն է ապահովել, որ վերջնական նախագիծը համապատասխանի գեղարվեստական բարձր չափանիշներին և պահանջներին՝ հետագայում քննադատություններից խուսափելու համար։ Մենք մեծ հույսեր ունենք դրական արդյունքի վերաբերյալ և պատրաստակամ ենք անել անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի վերջնական աշխատանքը համապատասխանի ակնկալիքներին։
Սակայն մինչև նախագծի վերջնական մշակումը և պաշտոնական հաստատումը հնարավոր չէ հստակ ամսաթիվ սահմանել։ Քաղաքային խորհրդի կողմից պաշտոնական թույլտվություն ստանալուց հետո նախատեսում ենք բացման համար ընտրել խորհրդանշական նշանակություն ունեցող որևէ ամսաթիվ, օրինակ՝ մարտի 8-ը, ապրիլի 7-ը կամ հոկտեմբերի 17-ը։ Իհարկե, այլ ամսաթվերի ընտրությունը նույնպես չի բացառվում։
Ինչպե՞ս են հաշվառվել դրամահավաքի ընթացքում ստացված միջոցները՝ ներառյալ անձնական հաշվով ստացվածները, ի՞նչ կլինի այդ միջոցների հետ, եթե թույլտվությունը չտրվի։
Կարևոր է նշել, որ քանդակի ստեղծման և տեղադրման համար նախատեսված ծախսերի առնվազն 80 տոկոսը հոգալու են Դիանա Աբգարի ազգականներն ու ընտանիքի անդամները, ինչպես նաև հիմնադրամի հիմնադիրները՝ իրենց անձնական միջոցներով։ Եթե մնացած գումարի հավաքագրման ընթացքում պակասուրդ առաջանա, տարբերությունը նույնպես կփոխհատուցեն հիմնադիրները։ Միաժամանակ, մենք խրախուսում ենք կամավոր նվիրատվությունները մեր կայքի և բանկային փոխանցումների միջոցով՝ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են աջակցել ծրագրին։ Այս գործելակերպը միջազգային մակարդակով ընդունված է։ Նույնիսկ զգալի ֆինանսական միջոցներ ունեցող հիմնադրամներն ու կազմակերպություններն են կիրառում նման մեթոդներ՝ հանրությանը և հնարավոր գործընկերներին հասարակական նշանակություն ունեցող ծրագրերում ներգրավելու նպատակով։ Մինչ այժմ կատարված որոշ նվիրատվություններ հիմնականում ստացվել են Դիանա Աբգարի ժառանգության հետ առնչություն ունեցող ընկերներից, ծանոթներից և անհատներից։ Ներկայումս առցանց նվիրատվությունների միջոցով ստացված ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 160 ԱՄՆ դոլար։ Այդ ամբողջ գումարը նվիրաբերել են արտերկրում բնակվող մեր ընկերները, և Հայաստանի բնակիչներից որևէ նվիրատվություն չի ստացվել։ Այս գումարը խորհրդանշական է և էական ազդեցություն չունի ծրագրի բյուջեի վրա, որը գնահատվում է մոտավորապես 85,000 ԱՄՆ դոլար։ Կրկին ընդգծենք, որ ֆինանսավորման հիմնական մասը տրամադրելու է Դիանա Աբգարի՝ Միացյալ Նահանգներում բնակվող ընտանիքը։ Ճապոնիայի հայ համայնքից ստացվել է ընդամենը մեկ նվիրատվություն՝ համայնքի անդամ հանդիսացող մեր ընկերոջից։
Խորապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ անանուն հեղինակը հասանելիություն է ստացել մի փաստաթղթի, որը նախատեսված չէր հանրային տարածման համար, հատկապես այն դեպքում, երբ նույն հեղինակը պնդում է, թե բոլոր տեղեկությունները վերցրել է բաց աղբյուրներից։ Սա հարցեր է առաջացնում ծրագրի իրականացմանը միտումնավոր խոչընդոտելու հնարավոր փորձի, ինչպես նաև հեղինակի անձնական շահերի վերաբերյալ։ Մեր ուղարկած նամակը հատուկ կազմվել էր՝ մարդկանց սահմանափակ շրջանակին մանրամասն տեղեկություններ տրամադրելու նպատակով։ Մենք նաև որոշակի գումարներ ենք ստացել արտերկրում բնակվող ընկերներից և ծանոթներից, որոնք մուտքագրվել են հիմնադրամի բանկային հաշվին։ Մանրամասն ֆինանսական հաշվետվությունը կհրապարակվի մեր կայքում՝ տարեկան ֆինանսական հաշվետվությունների հետ միասին։ Հարկ է նշել, որ Հայաստանի բնակիչներից մինչ այժմ հիմնադրամին որևէ նվիրատվություն չի կատարվել։ Ավելին, եթե Ճապոնիայի հայ համայնքի կամ որևէ այլ վայրի նվիրատուներից մեկը որևէ պատճառով ցանկանա հետ ստանալ իր նվիրաբերած գումարը, կարող է կապ հաստատել մեզ հետ ցանկացած հասանելի միջոցով, և նրա գումարը կվերադարձվի։ Նվիրատվությունների պայմանները միշտ հստակ ներկայացված են եղել մեր կայքում: Ըստ երևույթին, անանուն հեղինակը պատշաճ ուշադրությամբ չի ուսումնասիրել մեր հիմնադրամի կայքը։
Որտե՞ղ է փաստացի գործում ֆոնդը։
Պապ թագավորի փողոց 1, Երևան, Հայաստանի Հանրապետություն։
Ի՞նչ հիմքով է հիշատակվել Ճապոնիայի դեսպանատան և մյուս կառույցների աջակցությունը, որոնց պաշտոնական տարբերանշանները տեղադրվել են հայտարարություններում։
Ճապոնիայի դեսպանության հետ մեր հարաբերությունների վերաբերյալ ներկայացված մեղադրանքների առնչությամբ ցանկանում ենք ընդգծել, որ մենք մի քանի պաշտոնական հանդիպումներ ենք ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Ճապոնիայի դեսպանի հետ՝ երկու հիմնական նպատակով։ Առաջին՝ մենք ցանկանում էինք դեսպանությանը տեղեկացնել ծրագրի ընթացքի մասին և համագործակցություն նախաձեռնել հուշարձանի նախագծման հարցում՝ ապահովելու համար, որ նախագծում ներառված ճապոնական խորհրդանշական տարրերը լինեն պատշաճ և ընդունելի ճապոնական կողմի համար։ Երկրորդ՝ քննարկել ենք հուշարձանի ապագա բացման արարողության մանրամասները՝ պայմանով, որ նախագիծը վերջնականապես կհաստատվի, և պաշտոնապես կնշանակվի բացման ամսաթիվ՝ մեր առանձնացրած կարևոր խորհրդանշական օրերից մեկին համապատասխան։ Մենք որևէ փուլում Ճապոնիայի դեսպանությունից ֆինանսական աջակցություն չենք ակնկալել, չենք խնդրել և չենք ստացել։
Նախկինում դեսպանության տարբերանշանը ցուցադրել ենք որպես ծրագրի գործընկերոջ տարբերանշան՝ դրա համար ստանալով նախկին դեսպան, Նորին Գերազանցություն պարոն Մասանորի Ֆուկուշիմայի թույլտվությունը։ Սակայն 2026 թվականի հուլիսին դեսպանության հետ ունեցած մեր վերջին հանդիպման ընթացքում մեզ խնդրեցին հեռացնել տարբերանշանը, քանի որ դրա օգտագործման համար գոյություն ունի պաշտոնական գրանցման և դիմում ներկայացնելու սահմանված ընթացակարգ, և տարբերանշանը կարող է ցուցադրվել միայն այդ գործընթացի ավարտից հետո։ Դեսպանությունից ստացված այս նոր պարզաբանման հիման վրա մենք մտադիր ենք հետևել սահմանված ընթացակարգին։
Եթե անանուն հեղինակը կամ տարբեր ուղղակի և անուղղակի մեղադրանքները տարածող անձինք իսկապես մտահոգված լինեին, կարող էին առանց որևէ դժվարության կապ հաստատել հիմնադրամի հետ՝ օգտվելով մեր բոլոր հարթակներում հրապարակված հեռախոսահամարից կամ էլեկտրոնային փոստի հասցեից, և ստանալ անմիջական ու թափանցիկ պատասխաններ։ Փոխարենը, տպավորություն է ստեղծվում, որ նրանց միակ նպատակը հիմնադրամի աշխատանքի վրա ստվեր գցելն էր։ Մեր գործունեությունը լիովին թափանցիկ է։ Ավելին, քննարկվող տեղեկությունները հենց մենք ենք հրապարակել մեր կայքերում և այլ հարթակներում՝ հատուկ այն նպատակով, որ ծրագրում ներգրավված բոլոր կողմերն ու հանրությունը տեղեկացված լինեն ծրագրի ընթացքի մասին։ Հակառակ դեպքում մենք ընդհանրապես որևէ տեղեկություն չէինք հրապարակի։ Անանուն հեղինակը պարզապես վերցրել է մեր հրապարակած տեղեկությունները և ներկայացրել դրանք խեղաթյուրված լույսի ներքո՝ մոլորեցնելով մարդկանց և բացասական տպավորություն ստեղծելով Դիանա Աբգարի հուշարձանի ծրագրի վերաբերյալ։
Մենք անկեղծորեն հավատում ենք, որ Դիանա Աբգարի հուշարձանի նախագծի վերջնական հաստատման գործընթացը, հուսով ենք, կավարտվի հաջորդ տարի՝ հնարավորություն տալով մեզ, չնայած մինչ այժմ հանդիպած դժվարություններին, հաջողությամբ կյանքի կոչել այս ծրագիրը Երևանում։ Ընդգծում ենք, որ հաստատման ժամկետների վերաբերյալ բոլոր վերջնական որոշումները կայացնում են քաղաքային իշխանությունները, և մենք լիովին հարգում ենք այդ ընթացակարգերը։ Վստահ ենք, որ այս հուշարձանը կհարստացնի մեր քաղաք Երևանը և ոգեշնչման աղբյուր կդառնա ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ հայ երիտասարդների նոր սերնդի համար՝ Դիանա Աբգարի արժանապատվության, առատաձեռնության, իսկական հայրենասիրության, անձնազոհության և հավատի օրինակով»,-նշված է հայտարարության մեջ։










