ՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանը
Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։
TRIPP նախագիծը կներկայացվի ՀՀ նախագահին` վավերացման և ստորագրման։
Այս համաձայնագիրն ուղղված է Հայաստանի տարածքով (մասնավորապես՝ Սյունիքով) մուլտիմոդալ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը նաև Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Սահմանադրական դատարան արդեն իսկ հաստատել է, որ այս համաձայնագիրը ՀՀ սահմանադրության հետ հակասություն չունի։
ԱԺ կողմից ընդունվելուց հետո TRIPP նախագիծը կներկայացվի ՀՀ նախագահին` վավերացման և ստորագրման։ Քանի որ TRIPP–ը երկկողմ համաձայնագիր է, այն ուժի մեջ կմտնի կողմերի միջև ներպետական ընթացակարգերի ավարտի մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից։










