Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառման իրականացումը երկարացվել է մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը
Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունն ապահովելու համար Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվել է ծրագիրը երկարացնել մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը։
Ինչպես նշել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, այս պահին կենսաթոշակների և նպաստների շահառուներին տրամադրվում է անկանխիկ գործարքների 20 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամ։ «2026 թվականի նոյեմբերին ունեցել ենք այս ծրագրից օգտվող 578 հազար շահառու, և հետվճարի միջին չափը 8200 դրամ է։ Եթե համեմատեմ տարվա սկզբի թվերի հետ, իհարկե, կարող ենք ավելի հետ էլ գնալ, տարվա սկզբին ունեցել ենք 415 հազար շահառու, և միջին չափը եղել է 6900 դրամ, այսինքն՝ մենք կտրուկ աճ ունենք տարվա ընթացքում։
Խոսքը, փաստորեն, 150 հազարից ավելի քաղաքացիներին է վերաբերում, և այդ գործընթացը շարունակվում է։ Այս տարի հետվճարի վրա արդեն ծախսել ենք մոտ 42 մլրդ դրամ, իհարկե, դեռ կշարունակենք ծախսել, որովհետև տարին չի ավարտվել, իսկ մյուս տարվա համար նախատեսել ենք բյուջեով մոտ 60 մլրդ դրամ։ Սա էական ավելացում է կենսաթոշակներ և նպաստեր ստացող մեր քաղաքացիների եկամուտներում։ Հաջողված ծրագիր է, և նաև դրանով է պայմանավորված մեր առաջարկը՝ շարունակելու»,– ասել է նախարարը՝ հավելելով, որ ընթացքում հնարավոր է այլ որոշումներ՝ ծրագիրը բարելավելու համար։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և գոհունակություն հայտնել ծրագրի հաջող ընթացքից. թոշակառուների մոտ 90 տոկոսն արդեն օգտվում է ծրագրից։ «Սա ծրագրի հաջողության ամենամեծ գրավականն է, որովհետև մարդիկ կոնկրետ արդեն ներգրավվել են», -ասել է վարչապետը։











