Հունիսի 1-ին դասական երաժշտությունը` նվեր Սպիտակի երեխաներին
Հունիսի 1-ին Սպիտակում կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի մարզային գարնանային ամփոփիչ համերգը: Եվ քանի որ այն համընկել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, նվագախմբին են միանալու Հայաստանի փոքրիկ երգիչները` Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ, ինչպես նաև այս տարի իր 70-ամյա հոբելյանը տոնող կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Համերգի ժամանակ կկատարվի վերջինիս «Ձնե թագուհի» բալետի սյուիտը:
Համերգից առաջ Սպիտակի երաժշտական դպրոցում Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արամ Ղարաբեկյանը, Փոքրիկ երգիչների ղեկավար Տիգրան Հեքեքյանը Տիգրան Մանսուրյանի հետ միասին կանցկացնեն վարպետության դաս: Այնուհետև դպրոցի երգչախումբը նույնպես կմիանա համատեղ այս համերգին, որը դասական երաժշտության յուրահատուկ նվեր է երեխաներին:
Սպիտակ քաղաքը պատահական չի ընտրվել. ինչպես նշեց Արամ Ղարաբեկյանը, այս քաղաքը պետք է հիշել նաև այլ առիթներով: Ինքն անձամբ նախորդ անգամ Սպիտակում եղել է 2008-ի դեկտեմբերին` աղետալի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ:
«Բայց այս համերգով մենք չենք փորձում կոծկել մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները», - հավատացրեց Տիգրան Հեքեքյանը:










