Տիգրան Մանսուրյանը երազանք ունի, բայց պահանջներ չի սիրում ներկայացնել
«Պահանջն ու երազանքը շատ մոտ են իրար, ընդհանրություններ ունեն, իսկ ես չեմ ուզում որևէ պահանջ ներկայացնել», - բացատրում է Տիգրան Մանսուրյանը` հրաժարվելով իր երազանքը կիսել լրագրողների հետ:
Խոսելով երկրի քաղաքական իրադրության և իր վրա դրա ազդեցության մասին` Տիգրան Մանսուրյանը պատմեց, որ մեր իրականության ամեն մի փոքրիկ անարդարություն, որ հասարակական հնչողություն է ստանում, մեծ ցավ է պատճառում իրեն:
«Մենք արդեն քամված ենք ուժի, ամբողջականության տեսակետից, մեր կորուստներն ադրեն նկատելի են, և անարդարությունները հատկապես այդ ուղղությամբ են գործում: Կուզեի մի օր օրենքի իշխանությունն իսկապես գերակա լիներ մեզանում և ամեն մարդ զբաղվեր իր գործով»։
Իր 70-ամյա հոբելյանի տոնակատարություններից գոհ է Տիգրան Մանսուրյանը, շնորհակալ է բոլորին: Լավ հիշում է իր ուսուցիչներից մեկի` մեծ նկարչի որդի, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի հոբելյաններից մեկը, երբ վերջինս նախընտրել էր տոնել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի փոքրիկ սրահում: Ինքը դեռ 2 տարի առաջ մտածել էր, որ գուցե իր արտերկրի գործընկերներին կհրավիրի 70-ամյա հոբելյանին, բայց այսօր էլ դժգոհ չէ, չեն եկել:










