Թուրքիայում պարզել են՝ ում կողքին չեն ցանկանում ապրել թուրքերը...
Թուրքիայի Բահչեշեհիր համալսարանն անցկացրել է հասարակական հարցումներ, որոնց նպատակն է եղել պարզել, թե ում հարևանությամբ են ցանկանում ապրել թուրքերը։ Թուրքական Hurriyet-ի հաղորդմամբ՝ տարբեր քաղաքներում հարցումների մասնակից շարքային քաղաքացիների պատասխանների հիման վրա կազմված նոր վիճակագրությունը ցույց է տալիս, որ թուրքերը մեծապես անհանդուրժող են հասարակության որոշ խմբերի նկատմամբ՝ սկսած աթեիստներից մինչև համասեռականներ, ում ամենաքիչն են ցանկանում տեսնել որպես հարևան։ Ինչպես մեկնաբանել է Բահչեշեհիր համալսարանի ներկայացուցիչ Յիլմազ Էսմերը, թուրքերը, ի տարբերություն եվրոպացիների, ավելի շատ բացասական երանգ պարունակող պատասխաններ են տվել։
Եվ այսպես, թուրքական համալսարանի կողմից անցկացրած ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ Թուրքիայում յուրաքանչյուր չորսից երեքը չեն ցանկանում ապրել հարբեցողների հարևանությամբ, միառժամանակ, այդ նույն տոկոսը չի ցանկանում ապրել աթեիստների կողքին։ 66%-ը նշել է, որ նրանք չեն ցանկանում ունենալ հրեա հարևան, մինչդեռ 52%-ը՝ քրիստոնյա հարևան։
Ինչպես հայտնում է թուրքական լրատվամիջոցը, Ստամբուլի համալսարանի ուսումնասիրությունը հիմնված է 34 քաղաքներում անցկացված 1,714 մարդկանց հարցումների վրա։ Երեք շաբաթ տևած հարցման արդյունքներն ամփոփվել են մեկ ամիս առաջ։
Անդրադառնալով վերոնշյալ ուսումնասիրությանը՝ նշենք, որ թուրքերի 26%-ը պնդել է, որ չի ցանկանում այլ ռասայի կամ մաշկի գույնի հարևան ունենալ, մինչդեռ 43%-ը կտրականապես դեմ է ամերիկացի հարևաններին։ 66%-ի խոսքերով՝ նրանք չեն ցանկանում ապրել նրանց կողքին, ովքեր ոչ մի կրոնին չեն հարում, իսկ 75%-ը դեմ է աթեիստ հարևաններին։ Սակայն հարցումների մասնակիցների կարծիքները չեն սահմանափակվել միայն ռասայական կամ կրոնական ոլորտին առնչվող պատասխաններով։ Այսպես, օրինակ, 36%-ի պնդմամբ՝ նրանք չեն ցանկանում ապրել այն հարևանների կողքին, ում դստրերը կիսատաբատներ են կրում, իսկ 67%-ը նշել է, որ չի ցանկանում ապրել նրանց հարևանությամբ, ովքեր արտամուսնական կապի մեջ են գտնվում։
Ի հակադրություն այս տոկոսային հարաբերակցության՝ 14%-ը պատասխանել է, որ չի ցանկանում տեսնել հարևանությամբ չադրա, իսկ 33%-ը՝ փարանջա կրողների։
Նշենք, որ ուսումնասիրությունն անցկացվել է 15 տարեկանից բարձր մարդկանց շրջանում։ Հարցման ամենաապշեցուցիչ կողմերից, սակայն, եղել է այն, որ ամենաանհանդուրժող խմբի մեջ են ընգրկվել 15-ից մինչև 18 տարեկան պատանիները։ Ուսումնասիրության ընթացքում շոշափվել են նաև ռասայական և էթնիկ խտրականության հարցեր։ Մասնավորապես, հարցման մասնակիցների 18%-ը նշել է, որ իրենք իրենց մեկուսացած խմբի մաս են զգում տարբեր պատճառներով։ 8%-ի պնդմամբ՝ նրանք հանդիպում են խտրականության դրսևորումների իրենց մայրենի լեզվի պատճառով, իսկ 9%-ը, քանի որ պատկանում են տարբեր էթնիկ խմբերի և ևս 9%-ը իրենց կրոնական դավանանքի պատճառով։ Ի լրումն նշենք, որ 6%-ն էլ, ըստ իրենց կարծիքների, ենթարկվում են պետության կողմից ճնշման աշխարհիկ բնույթի գաղափարներ ունենալու համար։










