Երվանդ Քոչարի եռակի հոբելյանը
Այս տարին հարուստ է լինելու արվեստի գործիչների հոբելյաններով: Ինչպես Tert.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը, այս տարի նշվելու է վարպետի 110-ամյակը:
«Տարին կարելի է անվանել Քոչարի տարի: Մենք նշում ենք ոչ միայն վարպետի 110-ամյակը, այլև նրա հայտնի աշխատանքների` «Սաունցի Դավթի» և «Մելանխոլիայի» 50-ամյակը: Բացի այդ, լրանում է թանգարանի հիմնադրման 25 տարին»,- նշեց նա:
Հոբելյանական միջոցառումների թվում տնօրենն առանձնացրեց նկարչի աշխատանքների ցուցահանդեսը և գիտական խորհրդաժողովը:
Բացի այդ, նախատեսվում է անցկացնել «Քոչարի հիշատակի արձան» անունով ակցիա: Մարիրոսյան-Քոչարի խոսքով՝ միջոցառման նպատակ է ժողովրդի ուշադրությունը հրավիրել վարպետի գլուխգործոցների վրա: Տնօրենի խոսքով` Քոչարի գործերին հարող տարածքներում ամրացվելու են հուշատախտակներ:
Հոբելյանի շրջանակներում հրապարակվելու է երկու գիրք` «Քոչարի կենսագրությունը» և «Հիշողություններ վարպետի մասին»:










