Կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանն այսօր կդառնար 80 տարեկան

12:29 • 14.01.10

Այսօր լրանում է անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակը, ինչի առթիվ Երևանի քաղաքային պանթեոնում գտնվող նրա շիրիմին կայցելեն մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:

Կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի բազմաժանր ստեղծագործությունը լրացնում է 20-րդ դարի հայ երաժշտության նկարագիրը՝ օպերա, բալետ, սիմֆոնիկ երաժշտություն, վոկալ-գործիքային երկեր, երաժշտություն ֆիլմերի և ներկայացումների համար, կոնցերտներ, խմբերգեր, ժողովրդական երգերի մշակումներ:

Էդգար Հովհհանիսյանի ստեղծագործության մեջ իրենց պատվավոր տեղն են հավերժացրել «Անտունի» բալետը, որտեղ բալետային ներկայացման մեջ առաջին անգամ երգչախումբ օգտագործվեց, «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան, որը հիանալի կերպով սինթեզեց 2 ժանրերը, ինչպես նաև կոնցերտային վարիացիաները սաքսոֆոնի և ջազ նվագախմբի համար, «Երեբունի-Երևան» ստեղծագործությունը, բազում այլ գործեր:

Էդգար Հովհաննիսյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, պետական մրցանակի դափնեկիր, 32 տարեկանից՝ 1962-68թթ, ղեկավարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, 1970-74թթ. եղել է երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, իսկ ավելի ուշ՝ 1986-92թթ., պետկոնսերվատորիայի ռեկտորն էր: 1998թ. Էդգար Հովհաննիսյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: