Քանդակագործ Արտո Չաքմաքչյանի ցուցահանդեսը` ՅՈՒՆԷՍԿՕ-ում

13:46 • 29.01.10

Հունվարի 28-ին ՅՈՒՆԷՍԿՕ-ի տանը բացվել է կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Բացումը կատարել են ՅՈՒՆԷՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Ֆրանսուազ Ռիվիերը: Ներկա են եղել տասնյակ երկրների դեսպաններ, Ֆրանսիայի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ և նշանավոր անհատներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ցուցահանդեսում ներկայացված են վարպետի քանդակները, ինչպես նաև խորհրդային շրջանի բացառիկ գծանկարների շարքը, որոնք ցուցադրվում են առաջին անգամ:

Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և ՅՈՒՆԷՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ, ինչպես նաև Գալուստ Գյուլբենկյան հաստատության Հայկական ծառայությունների բաժնի (Պորտուգալիա), ՀԲԸՄ Եվրոպական գրասենյակի եւ Քվեբեկի (Կանադա) Արվեստի և գրականության խորհրդի հովանավորությամբ, կգործի մինչև փետրվարի 11-ը:

Արտո Չաքմաքչյանը ժամանակակից հայ կերպարվեստի կարկառուն դեմքերից է, միջազգային համբավի տեր արվեստագետ, Կանադայի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ: Նա ծնվել է Կահիրեում, ապրել և ստեղծագործել Հայաստանում: 1975թ. հաստատվել է Կանադայում: Նա մաս է կազմում 20-րդ դարի 60-70-ական թվականների գրողների, երաժիշտների, նկարիչների այն փառահեղ սերնդի, որոնք նոր խոսք ասացին արվեստում և նպաստեցին հայ ժողովրդի հոգևոր վերելքին և ինքնագիտակցության զարթոնքին: Նրա գործերը զետեղված են աշխարհի շատ թանգարաններում և քաղաքներում: