Հանրայինն այսուհետև ավելի ուշադիր կլինի իր եթերի նկատմամբ

13:25 • 20.02.10

Հեռուստատեսային նոր չափորոշիչները Հանրային հեռուստառադիոխորհուրդը դրական է գնահատում և կարծում է, որ դրանք ոչ թե վնաս կբերեն հեռուստաընկերություններին, այլ կօգնեն ավելի որակյալ արտադրանք տալ։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց ՀՀՌԸԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը։

Նա նշեց, որ այս քաղաքականության վերջնակետը պետք է լինի այն, որ Հայաստանն ունենա այնպիսի եթեր, ինչպիսին առկա է Ռուսաստանում և եվրոպական շատ երկրներում: Հարությունյանը համոզված է, որ ընդամենը մեկ–երկու տարի անց չափորոշիչները կտան դրական արդյունք, ինչպես Ռուսաստանում եղավ։

«Եթե Հայաստանում լսարանի 70 տոկոսը մի քանի հեռուստաալիք է դիտում և այդ ալիքներով անընդհատ բռնություն, գռեհկություն են ցուցադրում, դա կարող է վատ հետևանքներ ունենալ հասարակության համար»,– նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում կհարթվեն չափորոշիչների հետ կապված թյուրըմբռնման խնդիրները: Նա նշեց, որ Հանրայինն այսուհետև ավելի ուշադիր կլինի իր եթերի նկատմամբ. դարձյալ կլինեն սերիալներ, սակայն, դրանք ոչ մի բացասական ռեակցիա չեն առաջացնի հասարակության և հատկապես մտավորականության շրջանում։

«Ոչ ոք չի ասում, որ պետք չէ ցուցադրել էրոտիկ կադրեր պարունակող ֆիլմեր, դրանք հատուկ ժամերի կցուցադրվեն։ Բաց տեսարաններով և արյունոտ դրվագներով ֆիլմեր Հ1–ն էլ է ձեռք բերել: Բայց դրանք կցուցադրվեն սահմանված ժամերին՝ գիշերվա 12–ից հետո»,- ասաց Ալեքսան Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հումորը նույնպես պետք է «գռեհիկ դաշտից» տեղափոխվի այլ հարթություն։ Իսկ այն հարցին, թե ով կտուժի կամ կշահի չափորոշիչների կիրառման արդյունքում, ՀՀՌԸԽ նախագահը պատասխանեց, որ կշահի այն հեռուստաընկերությունը, որը որակյալ արտադրանք կտա։