Էմմիին «Եվրատեսիլ» չեն խոստացել
Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն այսօրվա ասուլիսին հերքեց վերջին օրերին շրջանառվող այն լուրերը, թե Հանրային հեռուսատաընկերությունը խոստացել էր, որ Էմմին և Միհրանն են մասնակցելու այս տարվա «Եվրատեսիլ» մրցույթին:
«Ես կամ Հանրային հեռուստաընկերությունը եթե որոշեինք, որ պետք է ուղարկենք որևէ երգչի կամ երգչուհու, դրա համար բոլորովին կարիք չկար այդքան ծախս անել և մրցույթ անցկացնել: Տրամաբանությունը չեմ հասկանում, թե ինչու պետք է մենք մեր գլխին փորձանք սարքեինք. եթե որոշել էինք ինչ-որ մեկին ուղարկել, սուս ու փուս կուղարկեինք: Մրցույթ անցկացնել կամ չանցկացնելը մեր իրավունքն է, բայց ոչ երբեք պարտավորությունը»,- նշեց նա:
Հարությունյանը դժգոհություններն արդարացի համարեց այնքանով, որ sms-ներ ուղարկողները դժվարությունների են հանդիպել, սակայն այս ամենի մեջ Հանրային հեռուսաընկերությանը մեղադրելն անարդարացի համարեց: «Հանրային հեռուսաընկերությունը ոչ բջջային օպերատոր է, ոչ էլ պրովայդեր, այլ պարզապես հրապարակում է եղած թվերը: Սակայն հետագայում ուշացած sms-ները վկայել են, որ ավելի է խորանում տարբերությունը առաջին, երկրորդ և երրորդ տեղերի միջև»,- ասաց Հարությունյանը:
Նշենք, որ այսօրվա մեկ այլ ասուլիսում Էմմիի մայրը` երգչուհի Նադեժդա Սարգսյանը հայտարարեց, որ Էմմի-Միհրան զույգին «Եվրատեսիլին» մասնակցությունը խոստացել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:










