«Եվրատեսիլի» նախընտրական փուլի կանոններում խախտումներ կան. իրավաբան

16:29 • 20.02.10

Նադեժդա Սարգսյանի շահերը ներկայացնող իրավաբան Վրեժ Կիրակոսյանը Հանրային հեռուստաընկերության կողմից սահմանված «Եվրատեսիլի» նախընտրական փուլի կանոնները համեմատելով «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կանոնների հետ, հայտնաբերել է մի շարք խախտումներ: Այսօր հրավիրած ասուլիսում իրավաբանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերության սահմանած կանոններում չկա որևէ կետ այն մասին, թե ով է որոշելու հավասար միավորներ հավաքած մասնակիցների ճակատագիրը, քվեարկության կարգը խախտվելու դեպքում ինչ որոշում է կայացվելու և այլն:

«Եվրոպական հեռարձակողների միությունն այս բոլոր նախադեպերը նախատեսել է: Իսկ Հայաստանում սա կամ ոչ գիտակ անձնավորության կողմից է կազմված կամ արված է այն բանի համար, որպեսզի հետագայում տարբեր մեկնաբանություններ տալու հնարավորություն ունենան»,- նշեց Կիրակոսյանը:

Նրա խոսքով` համերգից հետո ինքը sms հաղորդագրությունների քվերակությամբ զբաղվող «Ինտերմոբ» ընկերությանը դիմել է տվյալներ ստանալու համար, բայց պատասխան դեռ չի ստացել:

Իրավաբանը նշեց, որ Էմմի և Միհրան զույգի ներկայացուցիչներն իրենց դիմումների պատասխանները չստանալու դեպքում կդիմեն դատարան, ինչպես նաև Եվրոպական հեռարձակողների միություն: