Rammstein-ը սպառնում է Բելառուսի պետականությանը
Բելառուսի Բարոյականության հարցերով հասարակական խորհուրդը դեմ է Rammstein գերմանական ռոք խմբի համերգին, որը պետք է տեղի ունենա Մինսկում մարտի 7-ին։ Խորհրդի հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ ռոք խմբի ստեղծագործությունները «համասեռամոլության, մազոխիզմի և այլ այլասերությունների, դաժանության, բռնությունների և անհարիր հայհոյանքի անսքող քարոզչություն է»։ Հաղորդագրությունում նաև ասվում է, որ հաճախ Rammstein-ի համերգներին ցուցադրվում են համասեռամոլների սեռական ակտեր, նացիստներին նմանակումներ։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։
Հաղորդագրության տեքստում ասվում է, որ Rammstein-ի համար սովորական համերգը կարող է «ոչնչացնել բելառուսական փխրուն ինքնագիտակցությունը, ոտնահարել Հաղթանակի և հերոսների մասին հուշերը, խարխլել Բելառուսի պետականությունը»։
Խորհրդի նախագահ Նիկոլայ Չերգինեցը պահանջել է Rammstein-ի համերգի կազմակերպիչներից անցկացնել համերգային ծրագրի նախնական ցուցադրություն, որպեսզի բացառվեն անբարոյականության և բռնության քարոզչության դրվագները։










