«Բեռլինալեն» ավարտվեց. գլխավոր մրցանակը ստացել է թուրք ռեժիսորը

10:22 • 22.02.10

Ավարտվել է «Բեռլինալե» 60-րդ միջազգային կինոփառատոնը։ Այն անցկացվել է փետրվարի 11-ից մինչև 21-ը։ Ժյուրիի նախագահն էր Վերներ Հերցոգը։

«Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել համաշխարհային կինոյի դասական Ռոման Պոլանսկին «Անանուն հեղինակ» աշխատանքի համար։ Ռեժիսորը չի կարողացել անձամբ ստանալ մրցանակը, քանի որ այժմ Շվեյցարիայում տնային կալանքի տակ է։

Պոլանսկու փոխարեն մրցանակը ստացել են ֆիլմի պրոդյուսերները։ «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Շինոբու Տերաձիման՝ ճապոնացի կուլտային ռեժիսոր Կոձի Վակամացուի «Արյունախումը» կինոնկարում գլխավոր հերոսուհուն դերի համար։

Ժյուրին գրան-պրին շնորհել է Ֆլորին Սերբինի «Ուզում եմ սուլել, սուլում եմ» կինոնկարին։ Բացի այդ, այս կինոնկարն արժանացել է փառատոնի առաջին տնօրեն Ալֆրեդ Բաուերի անվան հատուկ մրցանակին, որը շնորհվում է «կինոարվեստում նոր հեռանկարներ բացելու համար»։

«Բեռլինալեի» գլխավոր մրցանակը շնորհվել է թուրք ռեժիսոր Սեմիհ Ղափլանօղլուի «Մեղր» ֆիլմին։

Նշենք, որ կինոփառատոնի դափնեկիրների ցանկում է նաև ռուս ռեժիսոր Ալեքսեյ Պոպոգրեբսկիի «Ինչպես ես անցկացրեցի այս ամառը» (Как я провел этим летом) կինոնկարը, որին շնորհվել է երկու մրցանակ՝ «լավագույն օպերատորական աշխատանք» և «լավագույն դերասան» անվանակարգերում։ Վերջին մրցանակը կիսել են ֆիլմի միակ երկու դերասանները՝ Գրիգորի Դոբրիգինը և Սերգեյ Պուսկեպալիսը։