Պլասիդո Դոմինգոն կգա Հայաստան
«21-րդ դարի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի 2010թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» հասարակական կազմակերությանը տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանն է հատկացրել 40 մլն դրամ։
Համերգաշրջանին մասնակցելու են ինչպես անհատ կատարողներ` Պլասիդո Դոմինգոն (տենոր), Պինկաս Ցուկերմանը (ջութակ), այնպես էլ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Բորոդինի անվան լարային քառյակը և այլ կոլեկտիվներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում հավելել է, որ այս միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանավորությամբ և բացառիկ հնարավորություն է ընձեռում, որպեսզի հայ երաժշտասեր հասարակությունն ունկնդրի բարձրակարգ և որակյալ դասական երաժշտություն։










