Հայաստանը 2 ֆիլմ կներկայացնի Պինամարի 6-րդ կինոփառատոնին

14:24 • 25.02.10

Բուենոս Այրեսի Լատինամերիկյան արվեստի թանգարանի դահլիճում փետրվարի 23-ին կայացել է «Պինամարի էկրան 2010. արգենտինյան և եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը, ի թիվս բարձրաստիճան այլ հյուրերի, մասնակցել է նաև Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, վեցերորդ անգամ անցկացվող Պինամարի այս տարվա կինոփառատոնը, որը կայանալու է մարտի 6-13-ը, հատկանշական է այն առումով, որ առաջին անգամ դրան հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու է Հայաստանը:

Ժամանակակից հայկական կինոարվեստը ներկայացված է լինելու Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով և Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով: Ի դեպ, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ժամանելու է Պինամար և անձամբ է իր ֆիլմը ներկայացնելու արգենտինացի կինոքննադատների ու կինոհանդիսատեսի դատին:

Մարտի 7-ին կինոփառատոնի շրջանակներում նշվելու է Հայաստանի օրը, որը սկսվելու է հայկական ֆիլմերի ցուցադրմամբ և ամփոփվելու է Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի անունից կազմակերպված ընդունելությամբ:

Պինամարի 6-րդ կինոփառատոնին հատուկ հրավիրյալի կարգավիճակով կմասնակցի նաև Հունաստանը: