Թուրքիայի պետական երգչախումբն առաջին անգամ կատարել է հայկական երգ

11:15 • 26.02.10

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ Թուրքական պետական ռադիոհեռուստակորպորացիայի (TRT) Անկարայի ռադիոյի պոլիֆոնիկ երգչախումբը կատարել է հայ երգահանի ստեղծագործություն։ Ստամբուլահայ դիրիժոր Հակոբ Մամիկոնյանի գլխավորությամբ երգչախումբը կատարել է Կոմիտաս վարդապետի «Կալի երգը»։ Այս մասին հաղորդում է Hürriyet Daily News & Economic Review-ն։

Նախկինում հայկական երգերի կատարումն արգելված էր TRT-ի հեռուստաալիքներով և ռադիոկայաններով։ Սակայն անցյալ տարի TRT-ն որոշեց տոնել իր 40-ամյակը 40 տարբեր, թե´ թուրք, թե´արտասահմանցի դիրիժորների մասնակցությամբ, որոնց հնարավորություն է տրվել երգի ազատ ընտրություն կատարել։ Հրավիրյալների թվում էր «Սուրբ Լուսավորիչ» հայկական երգչախմբի երիտասարդ խմբավար Հակոբ Մամիկոնյանը։ Այս երգչախումբը Ստամբուլում գործում է շուրջ 80 տարի։

«Երբ ես հեռախոսազրույցում ասացի, որ ցանկանում եմ կատարել հայկական ստեղծագործություն, մի քանի վայրկյան լռություն էր տիրում հեռախոսագծի այն կողմում, սակայն ի վերջո իմ խնդրանքը բավարարվեց»,- պատմել է Մամիկոնյանը։

Երիտասարդ հայ խմբավարը մինչև վերջին պահը մտավախություն է ունեցել, որ TRT-ի ղեկավարությունը իր որոշումը կփոխի, բայց այդպես չեղավ։ Այսպիսով, Անկարայի ռադիոյի պոլիֆոնիկ երգչախմբի՝ Կոմիտասի երգի կատարման ձայնագրությունները հասանելի կլինեն առաջիկա ամիսներին։

Սակայն ևս մեկ պատմական աննախադեպ իրադարձություն է սպասվում. Անկարայի ռադիոյի պոլիֆոնիկ երգչախումբը պատրաստվում է կատարել «Կալի երգը» Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում։

Անդրադառնալով թուրքական երգչախմբի հետ համատեղ աշխատանքին՝ Հակոբ Մամիկոնյանն ասել է, որ թուրք երաժիշտներին է ներկայացրել Կոմիտասի երգի բառերի լատինատառ տարբերակը։ Նա հավելել է, որ չնայած Անկարայի ռադիոյի պոլիֆոնիկ երգչախմբի կատարողներն ամենևին էլ չէին հասկանում լեզուն, այնուամենայնիվ, նրանք մեծ ոգևորությամբ էին աշխատում։