Բակուր Կարապետյանը Սումգայիթի ողբերգությունները ներկայացնելու համար հովանավոր է փնտրում
Լույս է տեսել հայտնի լրագրող, «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանի «Արցախյան գոյամարտի համահավաք» գրքի երրորդ հատորը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրողը, ինքը գրքի ևս 12 հատորի նյութեր ունի հավաքած, սակայն ֆինանսների բացակայության պատճառով չի կարողանում հրատարակել: «Գրքերի վաճառքով անհնար է գումար հավաքել և տպագրել, չի ստացվում: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, ես զրուցել եմ արցախյան գոյամարտի մասնակիցների հետ, հավաքել եմ փաստեր, որոնք պետք է հանրությանը ներկայացվեն»,- ասաց Կարապետյանը:
Գրողը նաև նշեց, որ Սումգայիթի ողբերգությունների վերաբերյալ 20 ֆիլմի (յուրաքանչյուրը 10 րոպե տևողությամբ) սցենարներ ունի, սակայն դրանք նույնպես չի կարողանում կյանքի կոչել` ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Ըստ Կարապետյանի` պետք է նման նյութերը տեղադրել էլեկտրոնային լրատվամիջոցներում, «որպեսզի ադրբեջանցիները չկարողանան սուտը ներկայացնել և իրենց պատկերացումները թելադրել աշխարհին»:
Կարապետյանը նշեց, որ իր նկարահանած կադրերից որոշներն այսօր արդեն ադրբեջանցիները ներկայացնում են որպես իրենց կադրեր:










