Քաղաքական խորհրդատվություններ հայ և սլովենացի դիվանագետների միջև

10:10 • 06.03.10

Մարտի 5-ին Լյուբլյանայում Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ` Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի և Սլովենիայի արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Դրագոլյուբա Բենչինայի գլխավորությամբ:

Քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության և միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, Արևելյան գործընկերության, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով քաղաքական, առևտրատնտեսական, գիտամշակութային բնագավառներում Հայաստանի և Սլովենիայի գործակցությանը` կողմերը նշել են քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը, տնտեսական կապերի չօգտագործված ներուժի իրականացումը:

Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել Սլովենիայում ընթացիկ տարում իրականացվող «Հայաստանը մոտ և հեռու» խորագրով մշակութային փառատոնի անցկացման համար:

Հայկական կողմը կարևորել է Արևելյան գործընկերության հռչակագրում ամրագրված «անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժի և մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացմանը» վերաբերող դրույթի իրականացումը: Սլովենական կողմը հայտնել է իր աջակցության պատրաստակամությունը:

Նույն օրը ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Սլովենիայի Մշակույթի պետքարտուղար դոկտոր Ստոյան Պելկոյի հետ:

Նախատեսվում է նաև Ղազինյանի այցելությունը Լյուբլյանայի «Ցանկարև դոմ» մշակութային կենտրոն, որտեղ բացվել է «Հայկական ավանդույթները աշխարհիկի և հոգևորի միջև» ցուցահանդեսը: