Նախագահը Կուստուրիցային պատմել է հայ և սերբ ժողովուրդների ընդհանրությունների մասին

14:38 • 06.03.10

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային։ Անվանի կինոռեժիսորը Հայաստանում առաջին անգամ է։ Երևանում երեկ կայացել է նրա ղեկավարած The No Smoking Orchestra խմբի համերգը։

«Հաճույք է Ձեզ հյուրընկալել հայկական հողում։ Ձեր այցելությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար։ Մեր ժողովուրդները պատմական ճակատագրով պայմանավորված շատ ընդհանրություններ ունեն, և Ձեր արվեստն ու երաժշտությունը հոգեհարազատ են մեր ժողովրդին»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Էմիր Կուստուրիցան Հայաստանի նախագահին փոխանցել է այցելությունից ստացած իր տպավորությունները։ «Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է։ Մեր ժողովուրդները պատմական ողբերգական անցյալի առումով մեծ ընդհանրություններ ունեն, և ես ուրախ եմ այս այցելության համար, որը ինձ հնարավորություն է տալիս` արտահայտելու այդ ամենի մասին իմ զգացմունքներն ու ամրապնդելու մեր ժողովուրդների բարեկամությունը»,- ընդգծել է աշխարհահռչակ կինոռեժիսորը։

Էմիր Կուստուրիցան Սերժ Սարգսյանին տեղեկացրել է նաև իր առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին։ Նա միաժամանակ ասել է, որ կգործադրի հնարավոր ջանքերը` աջակցելու հայկական «Ոսկե ծիրանե կինոփառատոնին։