Սանդրա Բալոկն առաջադրվել է և՛ լավագույն, և՛ վատագույն դերասանուհի անվանակարգերում
Շաբաթ օրը Լոս Անջելեսում կկայանա «Ոսկե մորի» կինոմրցանակաբաշխության արարողությունը, որը մրցանակներ է շնորհում ամենաանհաջող աշխատանքների համար։ Ինչպես միշտ, «Ոսկե մորին» անցկացվում է հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության նախօրեին, որը տեղի կունենա մարտի 7-ին։
«Ոսկե մորիի» հավակնող ամենավատ աշխատանքների թվում են «Ամեն ինչ Սթիվի մասին», «Կոբրայի ցատկը», «Կորուսյալ աշխարհ», «Արձակուրդ» և «Տրանսֆորմերներ. ընկածների վրեժը» կինոնկարները։ Վատթարագույն դերասանուհի անվանակարգում առաջադրվել են Բեյոնսեն, Մայլի Սայրուսը, Մեգան Ֆոքսը՝ երկու ֆիլմերի համար, Սարա Ջեսիկա Պարկերը և Սանդրա Բալոկը՝ «Ամեն ինչ Սթիվի մասին» կինոնկարում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար։ Ուշագրավ է, որ Բալոկն առաջադրվել է նաև «Օսկարի»՝ «Անտեսանելի կողմ» ֆիլմում գլխավոր դերի համար։
Ինչպես նշված է «Ոսկե մորիի» կայքում, հոլիվուդյան դերասանուհին հայտնել է, որ պատրաստ է ներկա գտնվել ամենաանհաջող ֆիլմերի մրցանակաբաշխությանը, քանի որ առողջ և կառուցողական մոտեցում ունի ցանկացած քննադատության նկատմամբ։
Վատթարագույն դերասաններ տիտղոսին այս տարի հավակնում են Քևին, Ջո և Նիկ Ջոնաս եղբայրները, Սթիվ Մարտինը, Էդդի Մյորֆին և Ջոն Տրավոլտան։










