Գենադի Խազանովը կբացի ԱՐՄՄՈՆՈ–ն
Մարտի 17-24-ը Երևանում կանցկացվի «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնը։ Ինչպես տեղեկացրեց փառատոնի PR բաժնի ղեկավար Վլադ Մուրադյանը՝ այս տարի կցուցադրվի 18 ներկայացում` Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից և Սերբիայից հրավիրված դերասանների մասնակցությամբ։
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Թատերասեր հանրության դատին կհանձնվի Մոսկվայի էստրադային թատրոնի «Ես վերհիշում եմ…» մոնոներկայացումը` ճանաչված և սիրված դերասան Գենադի Խազանովի կատարմամբ:
Փառատոնի շրջանակներում հանդես կգա Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնը` Ռիմաս Տումինասի «Խելագարի հիշատակարանը» բեմադրությամբ։ Ռուսական ծրագրի շրջանակներում թատերասերներին կներկայանա ճանաչված դերասանուհի Օլգա Կուզինան` իր «Ես եմ ճայը» ռուս-հայկական համատեղ մոնոներկայացմամբ։ Ներկայացման բեմադրիչը՝ Հակոբ Ղազանչյանն է։
Փառատոնի պատվավոր հյուրերի շարքում ֆրանսիական թատրոն «Էտոնը» կներկայացնի Սերժ Ավետիքյանի բեմադրած «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» մոնոներկայացումը։
«ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում հայաստանյան ծրագրում հանդես կգան Արամ Հովհաննիսյանը` «Արա Գեղեցիկ» մոնոներկայացմամբ, Կարինե Ջանջուղազյանը` «Լույսը կբացվի», Արեն Վաթյանը` «Զանգ վերևից», Սամվել Բաղինյանը` «Մատյան ողբերգության», Արմեն Սանթրոսյանը` «Մի քաղաքի պատմություն», Նարինե Գրիգորյանը` «Թռիչք քաղաքի վրա» մոնոներկայացումներով։
Փառատոնն անց է կացվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո։ Փառատոնի կայացմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Թատերական գործիչների միությունը։










