Եվա Ռիվասի հետ «Եվրատեսիլին» կարող է մասնակցել նաև Ջիվան Գասպարյանը

14:00 • 19.03.10

Երևանի կոնյակի գործարանում կայացած՝ Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ Tert.am-ի թղթակցի խնդրանքով դուդուկահար Ջիվան Գասպարյանը մեկնաբանեց շրջանառվող լուրերը, թե «Եվրատեսիլ-2010»-ին նա կարող է հանդես գալ Եվա Ռիվասի հետ։

Ջիվան Գասպարյանն ասաց, որ ստացել է նման հրավեր երգչուհու պրոդյուսեր, Armenia Production պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Վալերի Սահարյանից։

Նա նշեց, որ այն ժամանակ ինքը խոստացել էր, սակայն նախ պետք է լսի կատարումը, հետո որոշի, թե արդյոք կկատարի դուդուկի պարտիան Եվա Ռիվասի երգի ժամանակ։

Անդրադառնալով «Եվրատեսիլ» մրցույթին՝ դուդուկահարը նշեց, որ «Եվրատեսիլը» լուրջ մրցույթ չէ, քանի որ հաղթողին որոշում են ոչ թե պրոֆեսիոնալները, այլ sms քվեարկությունը։

Հավելենք, որ մամուլի ասուլիսից հետո կազմակերպվել էր ընդունելություն՝ Եվա Ռիվասի և նրա պրոդյուսերի մասնակցությամբ։ Tert.am-ի թղթակցի հարցին, թե որքանով է իրատեսական Գասպարյանի մասնկացությունը «Եվրատեսիլին», Վալերի Սահարյանը նշեց, որ «ամեն ինչ հնարավոր է»՝ հավելելով, որ դուդուկահարի մասնակցությունը կարող է դառնալ համարի հաղթաթուղթը։