Թուրքերը ֆիլմ են նկարահանելու ղարաբաղյան պատերազմի մասին
Թուրքիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել ղարաբաղյան պատերազմի և Խոջալուի իրադարձությունների մասին: Այն, բնականաբար, արտացոլելու է այդ հարցերի առնչությամբ ադրբեջանական պաշտոնական տեսակետը:
Թուրքական Hurhaber լրատվական կայքէջի փոխանցմամբ` ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ֆիլմ նկարահանելու ցանկություն է հայտնել Թուրքիայում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս մեծ աղմուկ բարձրացրած «Գայլերի հովիտ» (Kurtlar Vadisi) ֆիլմաշարի արտադրող Pana Film ընկերությունը:
Այս պահին Բաքվում են գտնվում այդ ֆիլմաշարի դերասանները և Pana Film ընկերության ռեժիսորներից Մեհմեթ Ջանփոլադը, ով հայտարարել է, թե «Գայլերի հովիտ» ֆիլմաշարում հնարավոր է ներառվեն ղարաբաղյան պատերազմի և Խոջալուի դեպքերի մասին պատմող դրվագներ:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Թուրքիայի միջև վերջին դիվանագիտական սկանդալը տեղի էր ունեցել հենց այդ հեռուստասերիալի պատճառով: Pana Film ընկերությունը սերիալում ներառել էր Պաղեստինում իսրայելցի զինծառայողների վայրագությունը ներկայացնող տեսարաններ: Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը դեպքի առնչությամբ իսրայելական իշխանությունների բողոքն արտահայտելու համար երկրի արտաքին քաղաքական գերատեսչություն էր հրավիրել Թել Ավիվում Թուրքիայի դեսպան Ահմեդ Օղուզ Չելիքքոլին:
Իսրայելի փոխարտգործնախարարը նախ հրաժարվել էր սեղմել թուրք դեսպանի ձեռքը, հետո էլ նրան նստեցրել էր ցածր բազմոցին, իսկ սեղանին դրված էր եղել միայն Իսրայելի դրոշը: Հանդիպման ավարտին Այալոնը մամուլի ներկայացուցիչներին եբրայերենով ասել էր. «Դա հատուկ ենք արել, որպեսզի երևա նրա` մեզանից ավելի ցածր լինելը»:










