«Եվրատեսիլի» հայաստանյան երգը կհնչի նոր մշակմամբ
Օսլոյում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին Եվա Ռիվասի կատարմամբ Apricot Stone երգը կհնչի նոր մշակմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնեց Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանը:
«Նախկինը ոչ թե վատն էր, այլ պարզապես այժմ մի փոքր փոխվել է հնչողությունը։ Երգի ողջ ընթացքը կուղեկցվի կիթառի կենդանի նվագակցությամբ, իսկ բոլոր լարային գործիքները կենդանի են ձայնագրված»,- պարզաբանեց պրոդյուսերը։
Սահարյանը նաև հավելեց, որ երգի նոր տարբերակը կներկայացվի, երբ Օսլոյում կայանա նյութերի վերջնական հանձնումը, այսինքն, թե ինչպիսին է լինելու շոուն, կատարումը, պլյուսային և մինուսային ձայնամշակումները։
Պրոդյուսերը հավելեց, որ երգի մշակումը կատարվել է մարտին երկու շաբաթվա ընթացքում Լոնդոնում, Շվեյցարիայում և Մոսկվայում՝ բարձրորակ սարքավորումների օգտագործմամբ։
Իր հերթին երգչուհին հավելեց, որ «մեծ փոփոխություններ որպես այդպիսին չկան, երգը նույնն է, միևնույն ժամանակ, այն նոր էներգետիկա է ստացել, դարձել ավելի պարային»։










