Մարտի 22-ին կմեկնարկի Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնը
Մարտի 22-ին, ժ. 17.00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկայանա Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի բացման արարողությունը, որին կհետևի օսկարակիր «Դքսուհի» ֆիլմի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում։ Այս մասին տեղեկացնում են Բրիտանական խորհրդի (British Council) հայաստանյան գրասենյակը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:
Արդեն ավանդույթ դարձած ամենամյա փառատոնը կոչված է ֆիլմարվեստի միջոցով հայ հանդիսատեսին ներկայացնել Միացյալ Թագավորությունը, երկրի անցյալն ու ներկան, մշակույթը, կենցաղն ու սովորույթները, ինչպես նաև ֆիլմերի օգնությամբ նպաստել անգլերենի տարածմանը։
Նշենք, որ ավանդաբար փառատոնի տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն օգտագործվում է բարեգործական նպատակներով. այս տարի այն ուղղվելու է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տեխնիկական աջակցմանը։
Մարտի 22-26-ը Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի շրջանակում կցուցադրվեն բրիտանական արտադրության՝ բազմաթիվ մրցանակների արժանացած 6 ֆիլմեր: Նախատեսված են բաց ցուցադրություններ, որոնցից մեկին` «Արյունոտ կիրակի»-ին, կհաջորդի քննարկում ֆիլմի համապրոդյուսեր Դան Մալանի հետ։
Ֆիլմերի ցուցադրությունները կլինեն՝ ժամը 18.00-ին՝ անգլերենով, իսկ 20.00-ին՝ ռուսերեն կամ հայերեն ենթագրերով։










