Ֆրանկոֆոնիայի օրերը մեկնարկեցին
Մարտի 19-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի օրերը, որոնք այս տարի համընկան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 40-ամյակի հոբելյանի հետ:
ԱԳՆ-ում Հայաստանում հավատարմագրված դեսպանների և ֆրանկոֆոն երկրներից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ կազմակերպված ընդունելությամբ տրվել է Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը, որի շրջանակներում ԱԳՆ նախաձեռնությամբ կազմակերպվել են տասնյակ միջոցառումներ:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ապրիլին կայանալիք Ֆրանկոֆոնիայի համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի այցը Երևան նոր էջ կբացի Ֆրանկոֆոն ընտանիքի հետ Հայաստանի հարաբերություններում:
Դրական գնահատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների համագործակցությունն ու համերաշխությունը` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է կազմակերպության արժեքներին և այսուհետ ևս ջանալու է իր ակտիվ մասնակցությունը բերել Ֆրանկոֆոնիայի գործունեությանը:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում մեկ ամիս շարունակ ինչպես Հայաստանի մայրաքաղաքում, այնպես էլ տարբեր մարզերում կկազմակերպվեն տասնյակ միջոցառումներ, որոնք կներկայացնեն Ֆրանսիայի, Բելգիայի, Կանադայի, Ռումինիայի, Շվեյցարիայի և ֆրանկոֆոն այլ երկրների մշակութային բազմազանությունը՝ երաժշտության, գրականության, գիտության, կրթության և այլ ասպարեզներում։
Ֆրանկոֆոնիայի օրերը անց են կացվում «Orange-Արմենիա» ընկերության աջակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:










