Թուրքական ֆիլմերի երկրորդ փառատոնը Հայաստանում
Մարտի 25–27-ը Երևանում կանցկացվի «23,5» թուրքական ֆիլմերի երկրորդ փառատոնը։ Ինչպես Tert.am–ին տեղեկացրեց փառատոնի տնօրեն Գեորգի Վանյանը, «23,5»–ին ներկայացվել է 77 ֆիլմ Անկարայից, Ստամբուլից, Ադանայից, Դիարբեքիրից, Իզմիրից և Թուրքիայի այլ բնակավայրերից։
Մի քանի ֆիլմ էլ ներկայացրել են այլ երկրներում ստեղծագործող թուրք ռեժիսորները։ Փառատոնի ժյուրին մրցութային ծրագրի համար («Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ) ընտրել է տասը ֆիլմ։
Փառատոնի բացման արարողությանը, որը տեղի կունենա Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում, (Ալեք Մանուկյան 9) հրապարակվելու են 2009թ. մարտին կայացած առաջին փառատոնի մրցույթի արդյունքները։
Ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, «Ակօս» շաբաթաթերթի և «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արիս Նալչին, Թուրքիայի կենտրոնական լրատվամիջոցները ներկայացնող 7 լրագրողներ, որոնք նաև Թուրքիայում լուսաբանելու են հայաստանյան փառատոնը։
Նշենք, որ փառատոնն այնուհետև մինչև տարեվերջ աշխատելու է «Փառատոն անիվների վրա» սկզբունքով։
Փառատոնը իրականացնում է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը Երևանում բրիտանական դեսպանատան աջակցությամբ՝ «Քայլ դեպի երկխոսություն` Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա» նախաձեռնության շրջանակներում։










