Յան Գիլանը կերգի «Հայսուպերսթարի» մասնակիցների հետ
Deep Purple խմբի լեգենդար մեներգիչ Յան Գիլանը կդառնա «Հայսուպերսթարի» հատուկ հյուրը։ Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց շոուի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը, Գիլանին հրավիրել են մասնակցել շոուին նրա երևանյան այցի շրջանակներում։
«Նա ուրախությամբ համաձայնեց»,- նշեց Սիմոնյանը։ Ըստ պրոդյուսերի՝ մարտի 28-ին «Շանթ» հեռուստաալիքի եթերում Deep Purple-ի երգերի կատարմամբ հանդես կգան «Հայսուպերսթարի» երեք մասնակիցներ՝ Ռայիսան, Սուրենը և Իվետան, ինչպես նաև ավելի վաղ անցկացրած workshop-ի երկու մասնակիցներ։
Սիմոնյանը նաև հավելեց, որ մասնակիցները երկու կատարումներով հանդես կգան ռոքի լեգենդի հետ։ «Այս համերգի համար մենք նախապատվությունը տվել ենք այն մասնակիցներին, ովքեր հիանալի են իրենց զգում ռոք կատարելիս»,- պարզաբանեց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ երևանյան այցի շրջանակներում Գիլանը երկու համերգ կունենա Երևանում։










