Հինգ օր երևանցիները կվայելեն բրիտանական լավագույն ֆիլմերը

11:24 • 23.03.10

Մարտի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնի շենքի առջև տեղի ունեցավ Բրիտանական ֆիլմերի ութերորդ փառատոնի բացման արարողությունը։ Այս տարի փառատոնի կազմակերպիչները յուրահատուկ ծրագիր էին մտածել փառատոնի բացման համար, ինչն անմիջապես գրավեց հանրության ուշադրությունը։

Կինոարվեստի սիրահարներին զվարճացնում էին ծաղրածուները, իսկ աճպարարները ցուցադրում էին համարներ գույնզգույն գնդակներով ու գլխարկներով։ Կինոթատրոնի մուտքի առջև փռված էր կարմիր գորգ, ինչը պաշտոնական շունչ էր հաղորդում միջոցառմանը, հնչում էր նաև ռիթմիկ երաժշտություն։

Ինչպես փառատոնի բացման արարողությանը նշեց Բրիտանական խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանը, ով նաև միջոցառման կազմակերպիչն է, բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է երևանցիների ամենասիրելի միջոցառումներից մեկը։

Ըստ նրա՝ փառատոնին մինչև մարտի 26-ը հանդիսատեսի դատին կներկայացվեն վերջին տարիներին նկարահանված մի շարք ֆիլմեր, այդ թվում` նաև մրցանակակիր կինոնկարներ։

«Ֆիլմերը հնարավորություն են տալիս ծանոթանալու այդ երկրի մշակույթին, կենցաղին, դա յուրօրինակ մի կամուրջ է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև»,- նշեց Սարիբեկյանը։

Հավելենք, որ փառատոնի բացումն ազդարարեց «Դքսուհի» ֆիլմը։ Փառատոնի շրջանակներում կցուցադրվի նաև «Արյունոտ կիրակի» հայտնի կինոնկարը։

Ինչպես և նախորդ տարի, տոմսերի վաճառքից ստացված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով։ Այս տարի այն կուղղվի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տեխնիկական զինմանը։ Տոմսերը կարելի է ձեռք բերել 300 դրամով։