«Այաս» ծովային հետազոտությունների ակումբը 25 տարեկան է
Մարտի 25-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի 25-ամյակի առթիվ։ Ինչպես Tert.am-ի թղթակցին հայտնեց ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը, համերգը բաղկացած կլինի երկու մասից։ Առաջին մասում կհնչի դասական երաժշտություն, երկրորդում՝ էստրադային։ Ակումբի հոբելյանի առթիվ հանդես կգան Ֆորշը, Շուշան Պետրոսյանը, Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը և այլք։
Բալայանի խոսքերով՝ հրավիրատոմսեր են ուղարկվել նաև պաշտոնատար անձանց։
Հիշեցնենք, որ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը հիմնադրվել է 1985թ.։ Մինչ օրս լուծված չէ ակումբին պատկանող «Կիլիկիա» առագաստանավի հանգրվանի հարցը։ Ակումբի անդամներն առաջարկել են թանգարան կառուցել Սևանա լճի տարածքում, որտեղ կարող էր հանգրվանել նաև առագաստանավը։
Նշենք, որ անցյալ տարվա օգոստոսին Սևանա լիճ էր դուրս եկել ձկնորսական «Նաիրի» նավակը՝ կառուցված 9-րդ դարի նավակների օրինակով։ Նավակի կառուցման համար օգտագործվել են գծագրեր, որոնք վերականգնել են «Այաս» ակումբի անդամները։
Համերգի գլխավոր հովանավորն է HSBC bank Armenia:










